Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես լցվեցի հանցանքի ուրախությամբ... Մոտեցա նրան... Հարբեցա նրա բուրումով և այրունով...

Պարոն Շիլդը ծայր աստիճան քաղաքավարությամբ ընդունեց ինձ, հարցուփորձեր արավ իմ մասին: Որպեսզի ինձ զարմանք չպատճառի, որովհետև ամերիկացիները հազիվ թե այդքան անձնական կյանքում ցանկանան թափանցել, մր. Շիլդն ավելացրեց.

— Այս սովորությունն Արևելքում եմ սովորելու:

— Մի՞թե այդքան երկար ժամանակ դուք եղել եք Արևելքում, այնքան, որ կարողացել եք մինչև անգամ բարքեր, այն էլ վատ բարքեր որդեգրել,— կատակեցի:

Մր. Շիլդն սկսեց պատմել ինձ, նողկալի մանրամասնություններով, իր ճանապարհորդություններն Արևելքում:

Նա պատմում էր, երբ արաբուհի բերեց իր խոստացած սուրճը՝ փիրուզյա կապույտ ֆինջաններով:

— Լեյդի Շիլդ, թույլ տվեք ձեզ այս երեկո կոչել ձեր իսկական անունով:

— Խնդրեմ, խնդրեմ:

— Բինտ-Էլ-Թալիբ, դուք ձեզ եք եփել այս սուրճի մեջ:

Թալիբի դստեր սպիտակ ատամները ժպտացին առավոտյան լույսի նման թուխ շրթունքների արանքից:

Մր. Շիլդն անձնապես գոհ մնաց իմ այս կոմպլիմենտից: Նրա աչքերը մեծ բավականություն արտահայտեցին:

— Նա իր ամեն բանում դնում է իրան,— ավելացրեց մր. Շիլդը:

Ես նրանից ավելի սրամիտը չէի սպասում:

Արաբուհին և ես նայեցինք իրար: Մեր նայվածքները հրաբորբոք էին, արյունով ներկված:

Ապա մր. Շիլդը դարակից դուրս բերեց լուսանկարների մի հաստ կապոց:

— Սրանք իմ հանած լուսանկարներն են Արևելքում:

Ամբողջ երկու ժամ, զզվելի երկարաձգությամբ, մր. Շիլդը ցույց տվեց իր լուսանկարները, պատմելով ամենի մասին ճշգրիտ մանրամասնություններով: