Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես լռեցի, համոզված լինելով, որ ահա մի ոստիկան կանգնեցի, տուգանքը կնշանակի, և ես առիթ կունենամ ցտեսություն ասելու մր. Շիլդին:

-- Դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները,-- երկար լռությունից հետո հարցրեց ինձ մր. Շիլդը՝ ատամները կրճտացնելով:

--Մի քիչ գիտեմ,-- պատասխանեցի:

Մր. Շիլդը հանկարծ քաշեց ավտոմոբիլի արգելակը, որից մեքենայի «ոսկորները» կարծես ողբացին, կանգնեցրեց մեքենան, ես կարծեցի, թե մեքենային ինչ-որ բան պատահեց. աճապարեցի դուրս ցատկել: Շիլդն էլ դուրս թռավ իմ ետևից և մոտենալով ինձ՝

-- Դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները,-- հարցրեց դրամատիկական տոնով:

Մենք գտնվում էինք էլեկտրական լույսի տակ, և ես Շիլդին արդեն տեսնում էի ամբողջությամբ: Նրա նայվածքը գազանային էր, կոպերն արյունով լցվել, ատամների սղմումից թշերը փոսացել էին: Նա պարզապես իր ժանիքն էր կախել իմ վրա: Ես զգացի, որ այդ վայրը մեկնումեկիս կառափնարանն է հանդիսանալու: Սիրտս կարծես ուռեց, և բարկության մի անօրինակ ալիք խփեց իմ գլխին, իմ բարկության պատճառն այն էր, որ դիմացինս իրեն տեղացի, բնիկ «ընտրյալ» էր կարծում, իսկ ինձ՝ օտարական:

-- Փոխեցե՛ք ձեր տոնը,-- հրամայեցի ես կեղտոտ բնիկին:

-- Պատասխանե՛ցեք ինձ, դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները:

-- Ասացի՝ մի քիչ գիտեմ:

-- Մի քիչ գիտենալը բավական չէ, պետք է շատ լավ գիտենալ և պիտի գիտենալ բաբոյական օրենքները ևս,-- պատասխանեց Շիլդը և զայրույթով շարունակեց,-- եթե դուք չսովորեք այդ օրենքները, սա ձեզ րոպեապես կսովորեցնի,-- հարցրեց և գրպանից դուրս բերեց մի ատրճանակ ու բռնեց ուղիղ բերանիս դեմ:

Ես նրան պատասխանեցի ատրճանակի մութ խողովակում: