Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգածությամբ սպասարկել եմ նախ՝ իրան, ապա՝ իր տիկնոջը. գնված գորգից երկուսն էլ շատ գոհ են մնացել,— բացատրեցին:

— Այդ տեսակետից ՝եմ ասում, դուք ցանկացել եք խաղեր խաղալ նրա տիկնոջ հետ:

— Բայց դա ի՞նչ կապ ունի վաճառատան հաճախորդի վիրավորանքի հետ:

— Իմ սիրելի սըր,— շարունակեց դիմացինս՝ ուղղվելով իր աթոռի վրա,— դուք տիկին Շիլդին ծանոթացել եք իմ վաճառատան արևելյան գորգի բաժանմունքում, ծանոթացել եք մեր առևտրի միջոցով և դուք պարտական էիք պահել այս վաճառատան մեջ ընդունված բարոյականը:

Ես անմիջապես որոշեցի կարճ կապել:

— Պարոն, ինձ համար բացարձակապես պարտադիր չեն ձեր բարոյականները, ես ազատ եմ իմ անձնական կյանքում:

Դիմացինս իր ամբողջ կյանքում երևի չէր հանդիպել այսպիսի պատասխանի, որովհետև նա ուղղակի ապշեց իմ պատասխանից:

— Ուրեմն կարող եք ձեզ բոլորովին ազատ զգալ:

— Խնդրեմ, այս րոպեից:

Նա դեմքը կախեց սեղանի վրա դրված բլոկ-նոտի վրա և մի բան գրելով՝ ինձ երկարացրեց:

Նա գրել էր հաշվապահությանը, որ ինձ վճարեն երկու օրվա աշխատավարձ և մի շաբաթական ևս՝ իբրև լիվիդացիա:

— Ներեցեք, պարոն, ես պայմանագրություն ունեմ,— ասացի և գրպանիցս հանելով պայմանագիրը՝ դրի սեղանի վրա:

— Հիմարություն են արել այսպիսի պայմանագրություն կնքելով քեզ հետ,— մրթմրթաց վաճառականը և էլեկտրական կոճակը սեղմեց մենեջերին¹ կանչելու համար:

— Ինչու՞ եք այսպիսի պայմանագիր կնքել այս պարոնի հետ,— հարցրեց մենեջերին:

— Նման մասնագետի հետ ուրիշ կերպ վարվել չէի կարող,— բացատրեց մենեջերը:

— Օ՛, այո,— բացականչեց վաչառականը:

1 Վարիչ