Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա ատամների վանդակներում ճռվողում էր արաբական լեզուն` ինչպես կանաչ թփերի տակից վազող ջրերը:

Այդ օրվանից ես մնացի այդ տանն ամբողջ երեք տարի, շատ նավեր եկան ու գնացին, բայց դրանցից և ոչ մեկը չկարողացավ գրավել ինձ:

Երեք տարի ես մնացի թուխ և արևի պես այրող կնոջ մոտ: Կլեոպատրայի մեջքը գալարուն էր, ինչպես Նեղոսի վազքը, նրա ատամների սպիտակությունը և լինդերի կարմրությունը նման էր սպիտակ և կարմիր վարդերի փնջին: Կլեոպատրան գրկում էր ինձ, ինչպես բոցն է փաթաթվում օջախի մեջ նետված չոր փայտի կտորին: Ես նրա շրթների մեջ գտա մեղրածոր երջանկությունը: Երբ առաջին անգամ նա իմ սենյակը մտավ, ես զգացի, որ կյանքս լցվում է, լցվում է այնպես` ինչպես լույսն է լցվում սենյակում արևածագին: Նա սիրում էր ինձ լուռ նայվածքներով, շրթունքներով և հոգով, այդ լռությունը հազարավոր երգերի բովանդակությունն ուներ: Ամեն օր, երբ իր ամուսնու վերադարձի ժամանակն էր գալիս, հեռանում էր նա ինձանից արցունքոտ աչքերով, աղերսական նայվածքներով: Գիշերները, մթնում, երբ նա մտնում էր սենյակ, ես զգում էի նրա հոգու ուրախ դողը, կարծես իմ սենյակը մտնում էր մի սիմֆոնիա:

Ասատուրը երկար չշարունակեց, նրա աչքերը մռայլվեցին, գլուխը դարձրեց օջախի շիկացած կրակին և հառաչեց.

-- Բայց դու ինչո՞ւ եկար Ամերիկա, այստեղ կանայք այդպես չեն կարող սիրել, այստեղ կանայք չափով և կանոնով են սիրում, այս երկրում շատ երկաթ կա, երկաթի օրենքն է տիրում այստեղ:

-- Արև էլ չկա այս երկրում. ո՞ւր է այս երկրի արևը, - մեղմորեն հարցրեց Ասատուրը:

-- Արև շատ կա այս երկրում, - պատասխանեցի, - միայն հարմարություն պետք է ունենաս տեսնելու, եթե կարողանաս բարձրաբերձ պատերից ազատվել և գնալ դուրս, քաղաքից դուրս, այնքան արև կգտնես, որքան արաբական ավազուտներում, այս հսկա պատերն են խանգարում արևը:

-- Աստղերն էլ քիչ են, աստղեր կապույտ երկնքում... Բայց ավելի լավ է խոսել հացի մասին, ավելի շատ հացին եմ կարոտել, Եգիպտոսում այնքան հաց և աստղ կար: