Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գերտրուդը հիշեց իր հին դիմումը, բայց ուզեց փորձել:

Մի քանի օր հետո` հանրատան երկու ընկերուհիների հետ, մի-մի ոսկեզօծ ս. գիրք և հոգևոր երգարան ձեռքներին` դիմեցին միսիոներական ընկերության` ծառայելու տիրոջ համար:

Գերտրուդն արտակարգ անկեղծությամբ անկետա լցրեց, արցունքոտ աչքերով, մռայլած դեմքով և դողդոջուն ձեռքերով:

Գերտրուդը կորցրել էր իր մարմնի փառքը և հարկավոր էր քրիստոնեության համար:

Ընկերության նախագահությունը քննեց նրանց անկետաները և ուղարկեց Գերտրուդին Չինաստան` տիրոջ խոսքը տարածելու չին կուլիներին, մյուս երկուսին էլ` դեպի Փոքր Ասիայի Հայ-քրիստոնյա մոլորվածներին քրիստոնեության գիրկը դարձնելու նպատակով, առանց ամդրադառնալու իրենց երկրի միլիոնավոր «մոլորվածներին», այն երկրի, որն ունի ամբողջ աշխարհի ոսկու 62 տոկոսը:

1927 թ.