Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐՈԶԲԻ

Ուոլտր Գրոզբին ամերիկյան համալսարանում թե՜ իմ ընկերն էր, թե՜ դասընկերը։ Երկուսս էլ աման էինք լվանում համալսարանին կից ճաշարանում՝ օրական երեք անգամ ճաշ և շաբաթը ութ դոլլար ստանալու համար։ Ես կպել էի իմ դասերին և ամանին, ծախսում էի իմ ստանալիքը ամենապարզունակ ձևով, որպեսզի ունեցած վեց դոլլարի պարտքս չավելանա, որովհետև ահա տասն ամիսը անցնում էր, և ես չէի կարող այդ պարտքս վճարել։

Ես և Ուոլտր Գրոզբին պատմության և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողներ էինք, և դա առիթ էր տալիս Գրողբուն ինքն իրեն ենթարկելու կծու ծաղրի։

— Բավական չէ մեր քաղցածությունը, ասում էր նա, փիլիսոփայություն ենք ուսանում։ Ի՞նչ օգուտ, եթե մի քանի տարուց ստանանք «պսակավոր փիլիսոփայությանն» կամ մինչև անգամ «դոկտոր փիլիսոփայության» տիտղոս, ավելի քաղցած պիտի մնանք, դրա վրա ավելացած և հոգևոր քաղցածությունը «փիլիսոփա» դառնալուց հետո։

Ես չէի զարմանում, որ 19 տարեկան մի պատանի այդքան գործնական ըմբռնում ուներ կյանքի մասին, որովհետև նա ամերիկացի էր. ամերիկացին եթե գործնական չէ, առաքինի չի համարվում. մինչև անգամ Միջին Ասիայում քրիստոնեոլթյան քարոզող ամերիկացի «իդեալիստ» միսիոները գործնական նպատակներ է հետապնդում առավելապես։

— Է՜հ,— պատասխանում էի ես Գրոզբուն,— ավելի լավ է աման լվանալ և ապրել հոգևոր կյանքով։