Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


4

Մի օր, երբ գորգի վաճառատան սպիտակամորթ գանձապահը Թոմին ռոճիկ էր տալիս, 5 սենտի մանր չլինելու պատճառով, գանձապահն ասաց.

— Այդ 5 սենտը քեզ։

Թոմի աչքերը փայլատակեցին, նա նայեց գանձապահի աչքերին և ատամներով կծեց շրթունքները։

Գանձապահը ոչինչ չհասկացավ։

— Քեզ թող լինի, մեծ փող չէ։

Մեծ փող չէր, բայց նեգրին 5 սենտ տալու սպիտակամորթ գանձապահի բավականությունը կտրատում էր նեգրին էլեկտրական հոսանքի նման։

— Ոչ մի սենտ չեմ ընդունի իբրև պարգև,— ասաց Թոմը և լռեց։

Այդ լռության մեջ զայրացած մի գազան էր շղթայված։

Ես անմիջապես գրպանիցս հանեցի 5 սենտ և տվի Թոմին։

— Տուր գանձապահին,— ասացի,— դու հետո ինձ կտաս:

Թոմը 5 սենտը հանձնեց գանձապահին և հեռացավ:

Գանձապահը, որ գորգավաճառի լակեյն էր, սուր-սուր նայեց ինձ և գոռաց.

— Կամաց-կամաց լրացնում եք այդ կեղտոտ նեգրերին:

— Իհարկե, քեզ դուր չի գա, որ մարդիկ արժանապատվություն ունենան։

— Արժանապատվությունս ո՞րն է, ավելի 5 սենտը ա՞չք կծակի։

— Այո, կծակի, ավելի լավ է դու մտածես, թե ինչպես պետք է անել, որ բոլորս էլ ստանանք այն, ինչ արտադրում ենք, և ոչ թե 5 սենտ ավելի տաս իբրև ողորմություն։

Տիրեց լռություն: Ես զգացի, որ գանձապահի համար շատ հարց էի հարուցել։ Նա մեքենայի վրա սկսեց գումարներ անել, իսկ ես դուրս եկա փողոց:

Լույսերը վառվում էին երկար, լայն, հարուստ և ցոփակյաց փողոցում։ Ես մի սյունի տակ կանգնած՝ միտք էի անում, երբ մի աղջիկ մոտեցավ ինձ, ժպտաց և կանգնեց։ Նայեցի նրա աչքերին և հասկացա նրան։