Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր խոսակցության ժամանակ ներքևից լսվեց մի պղնձյա ձայն:

-- Մարկն է,- ասաց Ջորջը:

-- Հետաքրքրական է, թե կարողացել ես նա 25 սենտանոցը ճարել,- հարեցի:

Ջորջն առաջացավ դեպի դուռը և կանչեց.

-- Հըլո, Մարկ, վեր արի:

Մարկը հաղթանդամ մի տղամարդ էր, մոտ 40 տարեկան, վեր սոթթած բազուկներով:

-- Ճարեցիր 25 սենտը,- հարցրեց Ջորջը:

-- Այո, ճարեցի, Ֆրենկին հանդիպեցի, նա ուներ և տվեց ու մի սարսափելի պատմություն պատմեց:

-- Մենք էլ հանդիպեցինք Ֆրենկին, մեզ էլ այդ պատմությունը պատմեց,- ավելացրեց Ջորջը և երկարեց հավելվածը Մարկին:

-- Լավ է արել Պոտը, անիծվածը, լավ է արել,- եզրակացրեց Մարկը հավելվածի խոշոր վերնագիրների ընթերցումը լրացնելուց հետո:

Մարկի ձայնը հնչում էր, ինչպես պղնձյա թմբուկ, աննման դուրեկան և ազգեցիկ:

-- Լավ է արել, բայց ընտանիքը,- հարեցի ես:

-- Վատ է, իհարկե, ընտանիքի համար, բայց այդպիսի սրիկային մեքենայում փշրելուց ավելի բարձր հաճույք չկա, եթե ինձ պատահեր, ես նրան կփաթաթեյի էլեկտրականացած թելերի ցանցում և ածուխ կդարձնեի,- վերջացրեց Մարկը:

Մարկի աչքերում ատելություն էր փայլատակում, նրա աչքերումն էր, որ առաջին անգամ ես տեսա դասակարգային պայքարի հուրը, որ ավելի բոցավառ էր, քան 5-րդ ավընյուի հրավառ լույսերը:

Թերթերի ընթերցումը վերջացնելուց հետո Ջորջը մի կապոց թուղթ դուրս բերեց, փաթաթեց և

-- Գնանք,- ասաց,- ես անպայման պետք է տեսնեմ ընկերներին:

Երբ մենք դուրս եկանք բնակարանից հաջորդ փողոցի անկյունից լսեցինք ոստիկանական սուլուցներ, կարծես ճչում էին մթան մեջ: Քիչ անց մեր առաջից վազելով անց կացան մի քանի ոստիկաններ: Մենք աճապարանքով հետևեցինք