Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեքենայի լակեյները Պոտի դեպքը դարձրել էին կենտրոնական լոզունգ: Միացյալ նահանգների օրենսդրական բարձր մարմիններից մեկը Սենատը ժողովրդական պահանջին տեղի տալու համար անցկացրեց օտարականների Ամերիկա չընդունելու նախագիծը և ուղարկեց համայքների պալատը:

Հանրապետության նախագահը «հետ ճաշու» ճառեր էր արտասանում վերականգնելու ամերիկյան նախահայրերի սրբազան տրադիցաները ամբողջ բողոքական եկեղեցին հուզված էր, որ կեղտոտ, կաթոլիկ իտալացին ջարդուփշուր էր արել մեքենայում իսկական քրիստոնյային:

Այդ օրերում ես մտա մի դինետում գարեջուր խմելու այնտեղ հաղթանդամ մի մարդ ակնոցով, կարմիր թշերով, գիրուկ, ինչպես լավ պահված մի եզ, ճառում էր Պոտի և օտարականների դեմ: Ես մոտեցա և կանգնած մատուցողից խնդրեցի մի բաժակ գարեջուր:

Այնտեղ էր իմ ծանոթներից մեկը և երբ տեսավ ինձ, ներկայացրեց ճառողին:

-Մր. Ռեյնոլդս, -հարեց ներկայացնողը:

-Ուրախ չեմ ձեզ հանդիպելուս,- պատասխանեցի:

-Ինչքա՛ն կոպիտ եք,- զարմանքով արտասանեց ներկայացվող մր. Ռեյնոլդսը:

-Ավելի լավ է կոպիտ լինել, քան խանգարել հասարակական կարգը,- ասացի,- ես ինքս օտարական եմ և զարմանում եմ, որ դուք խոսում եք ամենակոպիտ կերպով բոլոր օտարականների դեմ անխտիր:

-Դուք չե՞ք կարծում, որ այդ սրիկայի արածը դատապարտելի է:

-Նախ և առաջ ո՞վ է սրիկան:

-Պոտը:

-Սրիկայությունից բխած սրիկայությունը երբեք դատապարտելի չե, եթե մինչև անգամ մի պահ քեզ նման ընդունենք, որ Պոտի արածը սրիկայություն է:

-Պոտը մարդասպանություն է գործել:

-Նայած թե ինչ պարագայի տակ է գործել:

-Մարդասպանությունը ո՛չ մի արդարանալու կողմ չունի,- հայտարարեց մր. Ռեյնոլգսը:

-Ունի, արդարանալի շատ կողմեր ունի այս տեսակի մարդասպանությունը,- հայտարարեցի ես: