Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մուրադ աղա, առա՞ր։

— Նոր տի՞ առնեմ, ծո, է՛շ, մեղա, մեղա, ութն օր է առեր իմ,— պատասխանում էր Մուրադ աղան։

— Ես դահա չառա։

— Վաղը գնա առ, ամոթ է, ծո, սարսա՛խ։

Փոքր հորաքույրս, որ բողոքական մարդու էր գնացել, մր. Ջեյկըբի ժամանումից երեք օր հետո սուրբ հոգին առավ. այսպես ասած՝ առաջին առնողներից մեկն էր։ Լուր բերին հորս թե՝ «Եղսա քորոն սուրբ հոգի է առեր»։

— Կանչեցեք՝ գա,— պատվիրեց հայրս։

Գնացին, կանչեցին։ Չեկավ. փեսային կանչեցին։ Նա եկավ և հայտնեց.

— Հաջի էֆենդի, կվախնա, որ գա։

Հայրս նրան պատասխանեց.

— Էդ ի՞նչ ջիվերիս սուրբ հոգին է առեր, որ կվախնա,— և մուգ գույնի մի հայհոյանք շպրտեց մր. Ջեյկըբի հասցեին։

Վերջապես, հազիվ մատների վրա հաշված մի քանի հոգի մնացին, որոնք համառորեն չառան սուրբ հոգին։ Այս համառողների —ըստ մյուսների՝ անհույս մեղավորների համար — մր. Ջեյկըբը վերջին մի աղոթք արավ և փողերը հավաքած՝ հեռացավ, վերջ տալով կոմեդիայի առաջին գործողության։ Նրա գնալուց հետո սկսվեց կոմեդիայի երկրորդ գործողությունը։

Սուրբ հոգի առնողները հետզհետե սկսեցին դուրս գալ տներից և խանութները բաց անել, թողնելով սուրբ գիրը կարդալը (առնելուց հետո միայն սուրբ գիրք էին կարդում), որովհետև տան եկամուտը պակասեց։

Խանութները բաց անելու հետ միասին, սկսվեցին փողոցային սկանդալները։ Ով որ սուրբ հոգի էր առել և ահա դուրս էր գալիս՝ գնալու և առևտուրը շարունակելու, փողոցում ենթարկվում էր ծաղրուծանակի։ Ծաղրուծանակը սկսվեց ինքնաբերաբար, բայց լուսավորչական քահանաները վարագույրի ետևից հրահրում էին։ Նրանք այն աստիճան արծարծեցին ծաղրուծանակի խարույկը, որ հասցրին կատարյալ ողբերգության։