Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ մարդ, քիչ մի մտմտա, մեղք է աղջիկդ։ Աստվա՛ծ, աղջիկ զավակ չունենայի, մուրայի ու ապրեի։

Մոր համար, մեծ, անլուծելի պրոբլեմ էր — հասած աղջիկը տանը։

Իհարկե, աղջկան ուզողներ կային, բայց բոլորն աղվընիկ խաղցնողներ էին։ Թե՛ Ակոբը և թե՛ նրա կինը երդվել էին, որ իրենց աղջկան աղվընիկ խաղցնողի չտային։

— Վո՜ւյ, ձյունը մաղվի գլխիս, աղջիկս աղվընիկ խաղցնողի՞ն տամ։

Անդուլ ու անդադար կինը կրկնում էր.

— Աղվընիկները թող կըսիմ, հերիք է, սաղ քաղաքն աղջիկ զավկիդ կը քֆրե։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել ողջ քաղաքի բերանը։

— Ես ալ բյութունին կնիկներն ու աղջիկները...— փոխադարձ հայհոյում էր Ակոբը ու իրան մխիթարում։

Ժամանակի ընթացքում Ակոբն ինքն էլ զգաց, որ փոխադարձ հայհոյանքը ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը։

Արդեն խեղճ աղջկան հասել էր կյանքի խոշորագույն հարվածը՝ կիսատ էր թողել դպրոցը, որովհետև մինչև անգամ ուսուցիչները նրան «աղվընիկ խաղցնողի աղջիկ» էին կանչում։ Հենց որ դասը մի քիչ վատ իմանար, ասում էին.

— Հը, հարդ աղվընիկ կխաղցնե՞։

Ի՞նչ կապ կար աղվընիկ խաղցնելու և դասի միջև, բայց ասում էին, անդադար կրկնում։

Ակոբը միտք արավ, միտք արավ և գտավ ճարը։

Մորուք թողեց։

Առհասարակ կռվի ժամանակ, երբ կռվողը մորուք էր ունենում, կնոջը կամ մորը չէին հայհոյում, հայհոյում էին մորուքին։

Ակոբն էլ մորուք թողեց, որ մորուքին հայհոյեն։

Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը։

Մինչև անգամ ծաղրում էր ամուսնու մորուքը։