Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղքատներ, որոնք թափվում էին լեռան քաղաքը ուրիշ աշխարհներից։

Ժամանակի ընթացքում, ռազմական նպատակների համար կառուցված ամրոցը, որի պատերի մի մասը քայքայվել էր ժամանակի ծեծից և բնական երկրաշարժներից, վերածվել էր շուկայի և ընդարձակ պահեստների։ Հին զենքերի՝ տեգերի, աղեղների և զրահների տեղ զինապահեստներում շողշողում էին ծիրանը, դեղձը, նուռը և խաղողը։


Գ

Եվ ժամանակի ընթացքում ավազակները նվազեցին, գնալով անհետացան։

Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան, ինչպե՞ս կորան։ Դա ժամանակի քմահաճույքն է և գաղտնիքը, ոչ ոք չի իմանում։

Ասում էին, որ բնակչության մեջ ցանցառ միրուքներով, թուխ մորթով, խճճուն մազերով, կարմրած, սև աչքերով, բարակ, ճկուն և բարձրահասակ այն բնակիչները, որոնք տեղական բարբառը խոսում էին թլվատ և բոլորովին այլ երաժշտությամբ, հին ավազակների մնացորդներն են, որոնց հողի անքննելի, անիմանալի ուժը քաշեց, զոդեց իրեն, և մնացին այդ հողի վրա ու սկսեցին ըմբոշխնել քրտինքով հաց վաստակելու անհուն հաճույքը։

Երբ ավազակներն ահետացան, լեռան քաղաքի բնակիչները նորից ոտները քաշեցին դեպի լեռան քաղաքը գիշերները, ըստ դարերի սովորության, իսկ նրանց աչքերը մնացին դաշտում։

Եվ նրանցից ոմանք մտածեցին այսպես.

«Քանի որ չկան ավազակներ, և կյանքն ապահով է, ինչո՞ւ վեր բարձրանալ ամեն գիշեր և վար իջնել ամեն առավոտ՝ թողնելով մրգերն ու ծաղիկներն անտեր»։

Եվ սրանից հարյուր տարի առաջ դաշտում կառուցվեց, լեռան սպիտակ քարից, առաջին տնակը։

Կառուցվեց և երկրորդ տնակը։