Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խաղողը կաճի ու կշողա, խաղողի թուփն էլ կչորանա, բայց տակից նորն է ծլում, ահա ես չորանում եմ, բայց իմ կավից կծլի նորը, Հովնաթանն իմ ծիլն է, իմ դալար ճյուղը։

Հովնաթանը գլուխը թեքեց կրծքի վրա, մռայլը պատեց նրան, իսկ ծերունու աչքերից անհետացավ լեռնային կապույտ լճակը, մի անիմանալի և խորախոր անդորրություն պատեց նրան — հանգող լույսի խաղաղությունը։

Ծերունի Անդրեասը մի քիչ շունչ քաշեց և նորից խոսեց.

— Այս կավից մի հեռանաք, այս կավը շինեց այս նոր քաղաքը, մենք բոլորս էլ կավից ենք շինված, անհատնում է կավը, անվերջ, ամեն ինչ կավ էր և կավ պիտի դառնա։ Տանս բոլոր բանալիները ձեզ եմ հանձնել, ոչինչ չեմ տանում հետս, գնում եմ անճրագ։ Չեմ իմանում՝ ճանապարհս լո՞ւյս է, թե մութ։ Երեմիա, որդի, վերի ավազանի թումբերն ուժեղացրու, հեղեղները դիակս չքշեն-տանեն, միևնույն է, բայց թող մնա վերի ավազանում։ Ո՞ւր է մեծ հարսս։ Ես նրան բարկացա անցյալ օրը, լավ չարավ, որ ծամերը կտրեց, այնպես լավ էր, երկար և սիրուն։

Ծերունի Անդրեասը մարող աչքերով որոնեց մեծ հարսին՝ Հովնաթանի մորը։ Մեծ հարսը մոտեցավ ծերունուն։ Ծերունին ձեռքը երկարացրեց, որ մեծ հարսը համբուրի։ Մեծ հարսը համբուրեց պապի դողդոջուն ձեռքը և երկու կաթիլ տաք արցունք թողեց նրա հողագույն և հողաբույր դաստակի վրա։ Ծերունի Անդրեասը նայեց այդ կաթիլներին և ասաց.

— Չչորանա, տանեմ հետս, ճրագ չունեմ, լույս տա ճանապարհիս, այնպես է երևում, որ ճանապարհս մութ է...

Մեծ հեկեկանք բարձրացավ, և չլսվեց ծերունու խոսքերի շարունակությունը։

Ծերունին վերջին ճիգով ձեռքը թափ տվեց, որ լռեն։

Հեկեկանքները խեղդվեցին կոկորդներում։

Ծերունին շարունակեց.

— Երեմիա, թող փոքր հարսներս գնան և գինի բերեն, խմեցեք, մեկնելուց առաջ տեսնեմ։

Փոքր հարսները դուրս վազեցին։ Քիչ անց՝ գավերը լցվեցին