Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

«Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու։ Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։— Քա՛, աղջի, հարսն ի՞նչ եղավ,— հանկարծ բացականչում է հորաքույրս,— գոմ գնաց ու չեկավ։ Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։ Այդ երեխան ես էի»։

Այդպես է սկսվում սովետահայ նշանավոր գրող Վահան Թոթովենցի կյանքը 1889[1] թվին՝ Արևմտյան Հայաստանում, Խարբերդին մոտակա Մեզրե գյուղաքաղաքում։

Նախնական կրթությունը նա ստանում է տեղի Կենտրոնական Վարժատնում՝ աշակերտելով արևմտահայ ականավոր դեմոկրատ գրողներ և մանկավարժներ Ռ. Զարդարյանին և Թլկատինցուն, որոնք վճռական ազդեցություն են գործում իրենց տաղանդավոր աշակերտի գրական ունակությունների և ճաշակի վրա։ Այդ ժամանակ էլ, վաղ պատանեկությունից, Թոթովենցն սկսում է իր գրական նախափործերը՝ առաջին անգամ 1907 թվին՝ տպագրելով մի բանաստեղծություն Զմյուռնիայի «Արևելյան Մամուլ» հանդիսում։

1908 թվին, օսմանյան Սահմանադրությունից հետո, Թոթովենցը գնում Կոստանդնուպոլիս, այնտեղից անցնում Եվրոպա և Ամերիկա։ Ամերիկայում երիտասարդ Թոթովենցն իր ապրուստի միջոցները հայթայթում է հասարակ բանվորի աշխատանքով և միաժամանակ ստանում բարձրագույն կրթություն։ 1915 թվին հայ կամավորների մի խմբի հետ գալիս է Կովկաս և մեկնում ռազմաճակատ։ 1920 թվին Թոթովենցը Կովկասից Պոլսի վրայով կրկին գնում է Ամերիկա։ Երկու տարի հետո, 1922 թվին նա գալիս է Սովետական Հայաստան և ամենագործոն մասնակցություն ունենում երկրի կուլտուրական-գրական կյանքին։

  1. Թոթովենցի ծննդյան թվականի մասին տեղեկությունները տարբեր են, ըստ մի տեղեկության՝ ծնված է 1894-ին, մեր կարծիքով ճիշտը 1889-ն է։