Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛խ, այդ գործը... Այս վիթխարի քաղաքում գործ չկա, եթե ինքնաշարժներ չշինեին, ես ինքս կառք կքաշեի և կապրեի, այս մարմինը ձիու մարմնի պես կարող է դիմանալ, բայց մեքենան խլել է մարդու բոլոր իրավունքները։

— Մի՛ մտածի, գործ կգտնես, միայն թե հարկավոր է ապրելու հնարավորություն ունենալ, ինձ մոտ կապրես, և կստեղծվի այդ հնարավորությունը, մի՛ մտածի։

— Վաղուց էի քեզ փնտրում, ես համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ մանկությունն է պարտադրում։

— Տունը ի՞նչ վիճակի մեջ է, հայրդ, մայրդ։

— Մայրս մեռավ, հայրս փուռը ծախել է և հիմա ուրիշի համար է աշխատում, պարտքի տակ խեղդված է։

— Ես քեզ փող տամ, ուղարկիր հորդ,— ասացի։

Ասատուրը չկարողացավ իրան զսպել, վեր կացավ, փաթաթվեց վզովս սւ համբուրեց ինձ։

Ասատուրի համբույրն անկեղծ էր՝ ինչպես սեփական որդու համբույրը։

Ուղևորվեցինք տուն։

Առաջարկեցի տաքսիով գնալ։

— Ավելի լավ է գետնի տակով գնանք,— պատասխանեց Ասատուրը։

Ես արդեն տաքսին կանչել էի, մտանք ներս։

Ասատուրը ճանապարհին գլուխը կախել էր, երբ հարց տվի, թե ինչու է գլուխը կախ արել, նա պատասխանեց.

— Ատում եմ ես այդ քաղաքի լույսերը։

— Ճիշտ է, հարուստ, ճոխ, շռայլ քաղաք է, բայց անհրապույր, սառը։

— Կյանքումս այսքան չեմ ատել հարստությունը,— ասաց Ասատուրը,— դու գիտես, որ երկրում էլ եղել եմ կես աղքատ, բայց կարծես հիմա եմ զգում, թե ինչ է աղքատությունը և ինչ է հարստությունը։

Հասանք Բրուկլինի իմ բնակարանը, վառեցինք սենյակի պատի օջախը և նստեցինք դիմացը։ Օջախի վառվող քարածուխի կարմիր լույսի տակ Ասատուրի նայվածքը ամբողջովին պայծառացավ։