Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգադրությանց, կը ցատկեր, կելլեր քարակույտին գագաթը և կը հրամայեր.

— Շղթա կազմեցեք, ուշադրություն, բերդը մտնողներ կան, դուն դո՛ւրս ել, երկու հոգի նե՛րս, հինգ հոգի դո՛ւրս։

Իր ընկերները կը մոռնային, որ ինքնակոչ կերպով Բուրբոն ղեկավարած էր խաղը՝ կհնազանդեին։ Եթե պատահեր որ մեկն ու մեկը հարց բարձրացներ անոր ղեկավարության շուրջը, փոքրիկ Բուրբոն արհամարհանքով կը նայեր ըմբոստին վրա և կը հրամայեր ծեծի ենթարկել և զրկել զայն խաղի հաճույքեն։

Եթե խաղի պատեհություն չըլլար՝ Բուրբոն կստեղծեր բան մը, որուն առաջնորդը հանդիսանար։

Օր մը փողոցին մեջ հանդիպեցավ իր ընկերներու մեկ քանիին։

— Եկեք իմ ետևես, աղաղակեց անիկա գլուխը վեր բռնած և խիստ հրամայողական եղանակով։ Անոնք անմիջապես հնազանդեցան։ Մեկ երկու փողոց քալելե հետո՝ Բուրբոն նշմարեց որ մեկ քանի հոգի ալ ավելցան, այն ատեն հանկարծակի ետ դարձավ, զինվորական շարքի կանգնեցուց զանոնք և դարձյալ հրամայեց քայլել։ Որքան առաջ գնաց, այնքան շարքը խտացավ, մինչև անգամ փողոցի շները հետև եղան անոնց։ Փոքրիկ Բուրբոն միշտ առջևեն, գլուխը հրացանի մը կոթին պես ուղիղ ու անճկուն։ Մինչև անգամ շները իրմե առաջ չի քալեցին հառելով Բուրբոնին և երերցնելով իրենց պոչերը։ Կամաց-կամաց խումբը փոխվեցավ փոքրիկ ամբոխի մը։ Լուսամուտներե գլուխները դուրս ցցվեցան և տանիքներու քիվերուն վրա մարդիկ հավաքվեցան դիտելու։ Հետզհետե բարձրացան աղմուկներ, ուրախության և արտակարգ դեպքի մը կանչվռտուքներ լսվեցան։ Ուրիշ փողոցներե և թաղերե մարդկանց հոսանք մը եկավ տեսնելու իրարանցումը։

— Դարձյալ Բուրբոնն է, զարմանալի տղա է, եղբայր, մեծ մարդ պիտի ըլլա, կըսեին շատերը։

Երբ Բուրբոն թափորը հասցուց մինչև իրենց տան մեծ դուռը, բարձրացավ սանդուղներուն վրա, աջ ձեռքը բարձրացուց վեր իբրև լուռ հրաման, որ թափորը կանգ առնե։ Թափորը