Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր կուրծքին Հանիֆեն, կը համբուրեր զայն, անվերջ կը համբուրեր, երբեմն նույնիսկ մարելով և իյնալով գետին անոր սիրո ազդեցության տակ։ Օրվան բոլոր ժամանակը Բուրբոն նվիրած էր Հանիֆեին հաճոյակատար ըլլալու ծառայության։ Անոր հետ գիշերները խնջույքի մեջ կը գտնվեր, կր գինովնար անոր սիրույն համար։

Կես-գիշերեն հետո Հանիֆեն կուգար... իր սենյակը, շոյելով և փայփայելով անոր խոնջած ճակատը։ Մթնշաղին կը մեկներ պարտեզի դուռնեն իր տունը, որպեսզի մարդիկ չի նշմարեին, տանելով իր հետ մեր գինով, արբշիռ Բուրբոնի սիրո աղաչանքներն ու պաղատանքները։

Այսպես կ'երևակայեր անիկա։

Բուրբոնը սկսավ լուրջ մտածել կնոջ և հայրենիքի մասին։ Սավարյան բոցավառ ճառերով պատկերացուցած էր գարիբալդիները, վաշինգտոնները, անդրանիկներն ու սերոբները։ Կոչ էր ըրած երիտասարդ ուսանողության հոգիին՝ նվիրվելու հանրային դատին և զոհվելու։

Կ'սկսեր խոսիլ ինքն իր դեմ շատ անգամ իր սենյակին մեջ կամ ծովեզրը։

Սե՞ր թե հայրենիք — այս էր Բուրբոնի երևակայության տանջանքը։

Արդարև, Սավարյանի «հեղափոխականացումեն» հետո՝ Բուրբոնի մեջ տեղի ունեցած էր նոր երևակայության հրդեհ, որ զինքը կը բարձրացներ իր համար մինչև այդ թվականը անծանոթ հորիզոններ։

Անիկա մտածեց կախաղանի մասին, բայց իրեն դաժան չթվեցավ, որովհետև Սավարյան պատմած էր զանազան դյուցազնական մահերու մասին։ Անիկա չսարսափեցավ բանտի հեռապատկերներեն, որովհետև Սավարյան կոչ էր ըրած ասպետին վայել հոգիով տոկալ փորձանքներու, դիմագրավել հեղափոխական մահացու վտանգները։ Բայց մյուս կողմեն կը տեսներ Հանիֆեն ծունկի եկած իր առջև, աչքերը դարձուցած արտասուքի աղբյուր, կը լսեր անոր երգը, որ հավիտենական հեծեծանքն էր սիրո թշվառության, բայց Սավարյանի պատգամը կը հնչեր. «Մի մոռանաք, ընկերներ, որ երբ ձեր կյանքը զոհում եք մի աղջկան համար, ձեր քույրերից