կամքը։ Համաձայն իր տված պատվերներուն՝ Կարոն աչալուրջ էր Բուրբոնյանը ներկայացնելու այնպես, որ նոր տեսնողներուն պատկառանք և վախ ազդեր։ Կարոն ուրիշներու ներկայության Բուրբոնյանի առջև կը կենար այնպես, ինչպես մոմը աշտանակին վրա։
Օթելին տերը ներկայացավ Բուրբոնյանին ամենախորին հարգանքով և ներողություն խնդրեց, որ ինք ստիպված էր հետևիլ մայրաքաղաքի օրենքներուն։
— Այո, այո, պետք է կետ առ կետ հետևիլ պետական օրենքներուն, պատասխանեց դոկտ․ Բուրբոնյանը և գրպանեն հանեց Երզնկայի օրտու գումանտարիին արտոնագիրը։
Օթելին տերը երբ կարդաց արտոնագիրը, ծռեցավ մինչև գետին հարգանքի լայն արտահայտությամբ և վերադարձուց թուղթը Բուրբոնյանին։ Օթելի տերը մեկ քանի անգամներ խոնարհություն ընելե հետո՝ դուրս եկավ։
— Կարո, աղաղակեց Բուրբոնյանը, ինձ մտիկ ըրե, հաղթություններես հետո քեզ մեծ պաշտոններու կը հասցնեմ։
Կարոն, որ շատ խորամանկ մարդ էր և գիտեր այս բոլորին ունայնությունը, պատասխանեց.
— Ես մեծ հույս ունիմ, դոկտոր էֆենտի, որ իմ վիճակը վերջը-վերջը կը բարելավվի, և ես ալ համեստ պաշտոնի մը կը հասնիմ ձեր շնորհիվ։
— Իմ շնորհիվ շատ բաներ կը տեսնես, Կարո, հույս ունեցիր, ես կը հաղթեմ և դու կը տեսնես։
— Կասկած չունիմ, որ կը հաղթես և կը փշրես բոլորին բազուկները։ Մեր գյուղին մեջ կոշկակար մը կար, որ կը հավատար, թե ինքը ծնած է քահանա ըլլալու և ծառայելու տիրոջը, բոլորը վրան կը ծիծաղեին, բայց երբ Տեր Գրիգորը վախճանեցավ, գյուղացիք այդ կոշկակարին վրա միտք դրին և քահանա ձեռնադրել տվին, դոկտոր էֆենտի, թերևս կը ճանչնաս մեր Բալանղայի Տեր Նշանը։
Դոկտ․ Բուրբոնյանը չսիրեց այդ կոշկակարի օրինակը և անմիջապես խոսքը փոխելով հարցուց․
— Կոշիկներս ներկա՞ծ ես, Կարո, զգեստներս արդուկել տվա՞ծ ես։
— Հրամմեր եք, դոկտոր խումանտար։