իտալացիներուն, հակաճառեց լրջորեն «Ազատամարտ»-ի պետը:
— Ես կր փրկեմ դրությունը, իմ բանակը թույլ չի տար, որ Թուրքիան հանձնե Տրիպոլիսը իտալացիներուն, ընդդիմախոսեց մեր ռազմագետը:
Խմբագրապետը ընկողմանեցավ իր աթոռին մեջ և սկսավ խոր մտածել, որ իր առջև կը գտնվի սարսափելի երազե մը արթնցող խելագար մը։
Անիկա երբեք չհասկցավ թե Բուրբոնյանը ինչ կը շարունակեր փաստաբանել, որովհետև անոր չէր ունկնդրեր, միայն սթափվելե հետո՝ ըսավ.
— Ընկեր Բուրբոնյան, նախքան ձեր մասնակցիլը այս պատերազմին՝ կուսակցության պատասխանատու մարմինը իր վճիռը պետք է տա։ Ես կը խնդրեմ ձեզնե չներկայանալ երբեք պատերազմական նախարարության, մինչև այս իրիկվան պատասխանատու մարմնին կարծիքը առնեք։ Տակավին կամավորներ չեն եկած և ի՞նչ հարկ դիմել պատերազմական նախարարության առանց զինվորական որոշ թիվ մը ներկայացնելու։
Բուրբոնյան խոստացավ չներկայանալ նախարարության, ոչ թե անոր համար, որ կսպասեր լսել պատասխանատու մարմնի կարծիքը և վճիռը, այլ անոր համար, որ ինք թռուցիկներու մեջ կամավորներուն հասցե տված էր «Ազատամարտ»-ի խմբագրատունը և ոչ ոք տակավին չէր եկած։
— Ձեզ հետ ոևէ կամավորներ ունի՞ք, հարցուց խմբագրապետը։
— Այո, կան և բոլորն ալ կտրիճ տղաք են, Կարոն հրաշալի զինվոր մըն է, պատասխանեց դոկտ. Բուրբոնյանը։
«Ազատամարտ»-ի պետը կարծեց, որ Կարոն ամբողջ խումբի մը ղեկավարն է։
Շաբաթներ անցան և պատասխանատու մարմինը չի համաձայնեցավ ընկեր Բուրբոնյանի պատերազմի մասնակցելու մասին վճիռ տալ, իսկ Բուրբոնյանը կուզեր, որ այդ վճիռը ուշանար, վիճաբանությունները որչափ կարելի է երկարին, որովհետև հակառակ իր հսկայական բանակի թվին, մեջտեղը ոչինչ կար։ Իր համբերությունը ջարդուփշուր