Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատակերգության բովանդակ վայելքը և կը համբերեր, որովհետև կը մտաբերեր Խոլթեքենի֊Բալանղայի մեջ կտոր մը չոր հացի կարոտությունը։

— Ժամ մը Բերա Բալասի մեջ ռազմական «մանյովր» և հրաշալի սենյակ, Պոլիս՝ մայրաքաղաքը, հրաշալի ուտելիք, հագվելիք և մեծ հրամանատարի ծառա, առանց վերք ստանալու, առանց ձյունին և անձրևին տակ զինվորական ծառայություն ընելու, ժամ մը մանյովր և ամեն ինչ...

Կը մտածեր Կարոն — իմ բաղդես էր, կը փսփսար ինքնիրեն, եթե այս խենթը չըլլար, ես սատկեր էի շան նման։


5

Դոկտ. Բուրբոնյան Իտալո-թուրք պատերազմը վերջացնելե հետո իր բանակին — Կարոյի հետ — վերադարձավ Անատոլի։ Մեր հերոսը ընկճված չէր, որովհետև, ինչպես մենք տեսանք, անիկա պատերազմեցավ, բայց ինչ ընենք, որ թուրքերը պարտվեցան։

Մինչև Թոգատ հասնիլը Բուրբոնյանի երևակայությունը կը վառեր անկանոն կերպով՝ երբ Թոգատի մեջ հանդիպեցավ մեկուն, որ բարեբախտաբար լուր ուներ անոր Իտալո-թուրք պատերազմին մասնակցության։

— Դոկտոր էֆենտի, ըսավ այդ մեկը, դուք ալ չկրցիք փրկել պատերազմը։

— Անկարելի էր, բարեկամ, պատասխանեց մեր հերոսը, երբ իմ բանակս հասավ՝ արդեն գործի անհաջողության կեսը կատարված էր, անկարելի էր փրկել, բայց մի մոռնաք, հարեց Բուրբոնյանը, որ մեր ճակատամարտները ահռելի բնույթ ստացան, իմ անձնվեր զինվորը ականատես եղած է կռիվներուն, և ձեռքովը նշան ըրավ Կարոյին:

Կարոն անմիջապես հասկցավ բանի էությունը և վերահաստատեց.

— Մանավանդ մեր հինգերորդ օրվան կռիվը, հարեց Կարոն, ճակատագրական բնույթ ստացավ, մեր դիմացի պատին... ը՜ը՜ը՜, դիմացի նավուն մեջ ինչքան որ մարդ կար ծովը թափվեցավ։