Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թևերի շվաքը ընկնում էր ծովի փիրուզյա կրծքի վրա և թեթևորեն բեկրեկվում։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը նայեց, աչքերով անհագորեն գրկեց ամբողջ շրջապատը, հեգնաբար ժպտաց և մրմնջաց՝ «պրոլետարիատի դիկտատուրա...»։

Պրոլետարական դիկտատուրայի վերհիշումը նրան բնականորեն հիշեցրեց նաև բուրժուական դեմոկրատիան, որին նա գնում էր նավի սուրացող թևերով։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երբեք չէր եղել Եվրոպայում, առաջին անգամն էր, որ ահա ճանապարհորդում էր ծովի վրա և այն էլ պատերազմի, քաղաքացիական կռիվների և պրոլետարական դիկտատուրայի պայմաններից հետո, և այդ դեմոկրատիան, որքան որ այդ բոլորից առաջ էլ թվում էր նրան արտակարգ գույներով մի դրության, բայց այժմ արդեն ամբողջովին պարուրված էր երազային բազմապիսի թեթև քողերով, նա կարծում էր, որ դեմոկրատական Եվրոպայում նա կնստի մի նոր ծաղկած պարտեզում և պարտեզի ստվերներն իրեն կօրորեն անվերջ ու անվերջ, և խնդությամբ նայում էր նարնջագույն արևով ողողված ծովին։


ԺԵ

Ֆրանսիական նավահանգստի պաշտոնյաներն առաջին իսկ առիթով կասկածանքով նայեցին պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին, երբ նրա անցագրից իմացան, որ նա գալիս էր Խորհուրդների երկրից։ Նրանց առաջին գործը եղավ անմիջապես առանձնացնել նրան իր իրեղեններով, որ բաղկացած էր երկու խոշոր՝ ծանր և մի ձեռքի՝ փոքր պայուսակներից։

Երբ պայուսակները վերցրին, պրոֆեսորն սպասում էր, որ իրեն քաղաքավարությամբ կհրավիրեն հետևել իրենց, բայց պաշտոնյաներից մեկը կոպիտ ձայնով գոռաց. «Allons»։ Պրոֆեսորը մեքենայորեն հետևեց, բայց նրա դեմքի գույնն անմիջապես փոխվեց, տաք արյունը խուժեց մինչև ականջների ծայրերը։

Երբ նրանք մտան գրասենյակը, պաշտոնյաներից մեկը,