Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշեցրեց նրան թուրքական երգի մի կտորը՝ «Գյուն դուր, կեչեր, աղլամա»[1]։

Հակոբն ընտրեց ճանապարհորդությունը։

Մայրս մեծ պատրաստություն տեսավ, նոր շորեր կարեց, սպիտակեղեններ պատրաստեց, նոր անկողին կարեց, քուրք առավ, Հակոբի գոտին լցրեց ոսկով։

Բոլորս համբուրեցինք նրան, մայրս հազիվ կարողացավ բաժանվել Հակոբից, իսկ հայրս սառնասրտությամբ համբուրեց նրան և ասաց.

— Դուն քըզի աղեկ նայիր։

Բոլորը զարմացան, որ հաջի էֆենդին լաց չեղավ, բայց երբ կառքի անիվները սկսեցին գլորվել, կառքը հեռացավ, դարձավ մի կետ և ի վերջո անհետացավ, հայրս մտավ իր սենյակը, բաց արավ պահարանը, մի երկու գավաթ օղի խմեց, և մենք տեսանք, որ նրա աչքերից արցունքի կաթիլներ էին վազում լուռ ու սրտակեղեք։ Մայրս մոտեցավ նրան լացով, հայրս շրթունքներն իրար էր սեղմում և չէր նայում նրան, բայց ի վերջո չդիմացավ, սկսեց հեկեկալ։

— Մարանը նոր մեռավ,— ասաց հայրս և օղի ուզեց։

— Աստված չի կամեցավ, որ յավրուս քեֆ էնե,— շշնջաց մայրս։

Հայրս մի մթին հայհոյանք շպրտեց աստծո հասցեին, որից հետո մայրս դուրս եկավ սենյակից և խաչակնքեց։

* * *

Հակոբը վերադարձավ կազդուրված, էլի առողջ, հզոր։ Նրա հասակը կարծես ավելի էր բարձրացել։

— Հակոբը եկե՞ր է, հա՞․․․— հարցնում էին ծանոթները մորս։ Մայրս պատասխանում էր․

— Հա՛, չինարս եկեր է։

Հակոբը տեսել էր ծով, զանազան քաղաքներ, մեծ քաղաքներ՝ Սամսոն, Պոլիս, Զմյուռնիա, Վառնա։ Օրերով նա պատմեց իր տեսածները։ Մենք կախվում էինք նրա շրթունքներից։

  1. Օր է, կանցնի լաց մի՛ լինի։