Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա այդպես էլ արտահայտվեց։

— Դու ծաղրում ես իմ մարտիրոսությունը, Միքայել։

Հռհռոցն իսկապես դարձավ դիվային։

— Ի՞նչ մարտիրոսություն...

— Վե՛րջ տուր, բավակա՛ն է․․․

Պրոֆեսորը չէր կարողանում դադարեցնել ծիծաղը, բայց ի վերջո լրջացավ, լայն մի տխրություն, ինչպես թանձրացյալ շաղախ, պատեց նրան։

— Ինչպե՞ս ես ապրում դու այստեղ,— հարցրեց Միքայելը վերջապես եղբայրական կարեկցությամբ։

— Վատ եմ ապրում, շա՛տ վատ։

— Ի՞նչ տեսակետից։

— Տնտեսական։

— Չե՞ն օգնում քեզ ընկերները, քո կուսակցությունը։

— Է՛հ, ավելի մեծ գազաններ կան, ինձ բան չեն թողնում,— պատասխանեց էմիգրանտը գրեթե լացակումած, նկատի չառնելով այն հեգնությունը, որով արտասանեց պրոֆեսորը «ընկերներ» և «կուսակցություն» բառերը։

Տիրեց լռություն։

Էմիգրանտը բաճկոնի կոճակի հետ էր խաղում, իսկ պրոֆեսորը նայում էր լուսամուտից դուրս և դիտում էր փողոցի երթևեկը՝ մտածելով ինչ-որ։

— Իսկ դու չե՞ս հետաքրքրվում քո ընտանիքով,— հարցրեց պրոֆեսորը։

— Ոչ։

— Ինչո՞ւ։

— Քո պատճառով։

Պրոֆեսորն ապշեց։

— Ես քեզ չեմ հասկանում։

— Իմ ընտանիքը, քաղաքական դժբախտ պայմանների պատճառով, թողի քո խնամքին, իսկ դու ի՞նչ արիր։

— Կերակրեցի նրան։

— Շնորհակալ եմ,— հեգնեց էմիգրանտը,— այս մասին չէ իմ խոսքը։

— ?

— Տղաս կոմսոմոլիստ է այժմ, ճի՞շտ է։