մեջ, Խորհուրդների պրոլետարիատի հերոսական ճիգը՝ լուծելու վերջնականապես աղքատության հարցը։
Չդիմադրելով այդ մաածումներին՝ պրղֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց տեսնել աշխարհն իր բացարձակ մերկությամբ։
Նա տեսավ, որ Եվրոպան, որի սիրտն էր համարվում Փարիզը, բռնված է շահագործման ահավոր տենդով, խաբում են բոլորը, բոլորը, ամեն ինչ չափվում է շահագործման աստիճաններով, որքան շատ է շահագործում մեկը, այնքան բարձր է նրա պատիվը։ Հալչում էր մարդկային ստեղծագործող տարրի կյանքը, հալչում էր՝ ինչպես մոմը հնոցում։ Նա տեսավ գործազուրկների մասսան, որ սոված, ատելությամբ լցված, բայց անզոր և թշվառական՝ թափառում էր մեծ քաղաքի փողոցներում, գետի ափին, պարսպի տակ, նա հանդիպեց, բացի ժողովրդական մեծ զանգվածներից, բանվորներից ու արհեստավորներից, նաև մտավորականների և արվեստագետների, որոնք, առանց հույսի որևէ նշույլի, թափառում էին անհանգրվան՝ ապրելով մի մեծ և դարավոր կուլտուրայի մայրամուտի մորմոքը։
Որքան նա տեսավ այս բոլորը, ավելի ու ավելի մանրամասնորեն սկսեց տեսնել Խորհրդային երկրի աշխատանքը, նա սկսեց հիշել ամեն մի փոքրիկ իրողություն և նրա խոշորագույն արժեքը։ Առաջին օրից, երբ նա ոտքը դրեց Եվրոպա, ինքնաբերաբար արտասանեց. «Պրոլետարիատը կառուցում է․․․ չէ՞ որ բուրժուազիան ևս կառուցել է և շարունակում է կառուցել»։ Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն այժմ սկսեց ըմբռնել այդ երկու կառուցումների տարբերությունը, սկսեց ըմբռնել երկու դասակարգերի ձգտումի խորագույն տարբերությունը։
Մի երեկո, Փարիզի ցնծուն մի երեկո, նա հանդիպեց բանվորական մի մասսայի, որ փողոցում որոտի նման պայթեցնում էր «Ինտերնացիոնալ»-ը։ Ոչ մի երգ նրան այնքան ընտանի և այնքան հարազատ չէր թվացել, որքան այդ երգը։ Կանգնած մայթի վրա, ակացիայի մի ծառի տակ, երբ բանվորական մասսան անցավ նրա առաջից «Ինտերնացիոնալ»-ի