Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի օր նվերներ գնացին մեր տնից և նվերներ եկան Գրիգոր աղայի տնից։ Այս խոսակցությունից ութ օր անց, երբ մայրս վերադարձավ բաղնիսից և ուղիղ բարձրանալով հորս մոտ՝ հայտնեց, որ Եղիսաբեթին տեսել էր բաղնիսում։

— Հը՞, ինտո՞ր էր,— հարցրեց հայրս։

— Գիտես քի լուսնկայեն է ընկեր,— պատասխանեց մայրս։

Ապա պատմեց, թե ինչպես Եղիսաբեթը, իր մոր թելադրանքով, եկել և համբուրել է մորս ձեռքը և մայրս չի թողել, որ գնա, ինքն է լողացրել նրան, սանրել մազերը, հագցրել և կառքով բոլոր ընտանիքին տուն ուղարկել։

— Շատ աղեկ ես ըրեր,— ասաց հայրս։

Երկար ժամանակ չթողեցին, որ անցնի, նշանեցին Հակոբին, և շուտով էլ պսակեցին։

Մայրս հոգս տարավ, որ հարսանիքն անցնի շքեղ, ոչ մի բան պակաս չլինի, բայց հորս հետ ունեցան մի անհամ վեճ։

Հայրս չէր ցանկանում, որ իր որդին քահանայով պսակվի։

— Հոր տունեն կբերենք մեր տունը, վերջացավ գնաց...— պնդում էր հայրս, իսկ մայրս հակաճառում էր։

— Ես քըզի հետ համաձայն եմ, բայց անոր հայրն ու մայրը կուզե՞ն, որ իրենց աղջիկն անպսակ ըլլի։

Հայրս գիտակցում էր, որ դա ճիշտ է, անպսակ չէր կարելի աղջկան տուն բերել, բայց չէր էլ կարող տանել, որ քահանա պետք է լիներ գործում։

Վերջապես, երկար վեճից հետո՝ հայրս զիջեց և համաձայնեց, որ որդին քահանայով պսակվի, բայց պայմանով, որ քահանան եկեղեցում պսակը վերջացնելուց հետո՝ տուն չգա։ Մայրս համաձայնեց, բայց պսակից հետո ընդունեց քահանային՝ հորիցս գաղտնի, բոլորին պատվիրեց, որ նրան չասեն, պատվեց, կերակրեց, խմցրեց, վարձատրեց և ճանապարհ դրեց։ Թերևս հայրս գուշակում էր, որ մայրս այդպիսի բան կարող էր անել, բայց վրա չընկավ, քանի որ