Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լրացնելուց հետո՝ աչքերը փայլում են ուրախությամբ) Արդեն ակտիվ ապստամբությունը փաստ է. այս գիշեր ամբողջ մայրաքաղաքը տակնուվրա պետք է լինի և վերջ տրվի սրիկայություններին։

ԱՆԴՐԵՅ.— (Շատ լուրջ և ծանր տոնով) Ընկեր Լենինն ասել է, որ նոյեմբերի 6-ին շատ շուտ կլինի գործելը, ապստամբության համար համառուսական հիմք է հարկավոր, նոյեմբերի 6-ին դեռ բոլոր պատգամավորները չեն հավաքվելու համագումարին, իսկ նոյեմբերի 8-ին էլ ավելի ուշ կլինի գործելը, որովհետև 8-ին համագումարը կկազմակերպվի. իսկ կազմակերպված խոշոր ժողովը կդժվարանա արագ և վճռական որոշումներ ընդունել։ Մենք պետք է սկսենք գործել նոյեմբերի 7-ին, որպեսզի մենք կարողանանք ասել՝ ահա՛ իշխանությունը։ Այսօր, Վասիլի, նոյեմբերի 7-ն է, մենք պետք է հետևենք մեր առաջնորդի պատգամին, գործել ճիշտ նոյեմբերի 7-ին. 6-ին շուտ է, 8-ին ուշ է։

ՎԱՍԻԼԻ.— Ես կարծում եմ, որ մենք ուշացել ենք. ես անցա քիչ առաջ Սմոլնիից, ահավոր իրարանցում էր այնտեղ։

ԱՆԴՐԵՅ.— Պետք է աճապարել։ Մենք նշանակված ենք մեր պոստերի վրա գիշերվա ժամի 10-ից, ժամը դեռևս 8-ն է։

ՎԱՍԻԼԻ.— Բայց պետք է աճապարել։

ԱՆԴՐԵՅ.— Գնանք, Վասիլի։ (Հրացանը առնում է պատից, կախում է փամփշտակալը:)

ՄԱՐԻԱՆՆԱ.— (Տխուր և այլայլված՝ կտրում է առաջը) Անդրյուշա, չէ՞ որ նոր ես վերադարձել ռազմաճակատից, նոր ես վերադարձել քաղցից, կրակից ու մահից։ Անդրյուշա, զինվորները դեմ էին պատերազմին. մեզ կործանողը պատերազմն էր, ինչո՞ւ էլի նոր պատերազմ եք ստեղծում։ Պապաշա, Անդրյուշան ջահել է, դո՞ւ ինչու նրան չես խրատում, դու էլ ես խառնվել բոլորին, դու էլ ես կրակի հետ խաղում, պապաշա, կրակի հետ ես խաղում։

ԱՆԴՐԵՅ.— Մարիաննա, սիրելիս, սա պատերազմ չէ. սա կռիվ է, այս կռիվը հարկավոր է մեզ համար, բոլոր չքավորներիս համար։