Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնել, մենք չպետք է թողնենք, որ յունկերները այս գծից դենը անցկենան։

ՄՏՆՈՂԸ.— Շատ բարի։ (Մնում է:)

ԱՆԴՐԵՅ.— Գործը լավ է գնում, Վասիլի, աշխարհի բախտն է վճռվում։

Բ. ԲԱՆՎՈՐ.— (Բղավում է բարիկադի վրայից) Ովքե՞ր եք։

ԴՐՍԻՑ.— Կանայք ենք, ուզում ենք տուն գնալ։

Մտնում են երեք կին:

ԱՆԴՐԵՅ.— Ուղիղ գնացեք, զգույշ եղեք կամուրջն անցնելիս. ձայն տվեք նախքան անցնելը. մի վախենաք, մերոնք են։

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ.— Շնորհակալ ենք, բայց ովքե՞ս են ձերոնք. ի՞նչ ասենք, որ կարողանանք անցնել կամուրջը։

ԱՆԴՐԵՅ.— Ձայն տվեք և անցեք, ոչինչ չեն ասի։

ՎԱՍԻԼԻ.— Հեղափոխական բանվորներ են, քաղաքացուհի, մի վախենաք, դուք անզեն եք, ձեզ ոչինչ չեն անի։

ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ.— Մենք միայն ցանկանում ենք տուն հասնել։ Ուրիշ ոչինչ։

ՎԱՍԻԼԻ.— Կհասնեք անվնաս, միայն ճանապարհին չխառնվեք խոսակցությունների։

Կանայք գնում են:

Ա. ԲԱՆՎՈՐ.— (Բարիկադի վրայից դիտելով) Կարծես դիմացի փողոցից մարդիկ են անցնում։ Կասկածելի մարդիկ են, արագ-արագ փախչում են։

Բոլորն էլ սկսում են ուշի-ուշով դիտել:

Բ. ԲԱՆՎՈՐ.— Յունկերներ են։ (Հրացանով անմիջապես նշան է բռնում:)

ԱՆԴՐԵՅ.— Զինված յունկերներ են փախչում, պետք է կրակել։ Բոլորը միասին սկսում են կրակել:

ՎԱՍԻԼԻ.— Չպետք է թողնել, որ նրանք թեքվեն այն կողմը, կարող են նրանք մեծ շփոթության մեջ գցել մեր ընկերներին, մերոնք չէին հաշվում, որ այդ ուղղությամբ կարող են սրիկաները անցնել։

Կրակում են:

Բ. ԲԱՆՎՈՐ.— Ա՛յ, ես ձեր... (Կրակում է:)