Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև վերջը, բարի եղիր ինձ էլ լսել։ Ո՞վ է հարուցել այս կռիվը, ո՞վ է պատճառ լինում այս արյունահեղության։ Ուրեմն, եթե մեկը անիրավ տեղը քո վզին չոքի քեզ խեղդելու և եթե դու նրա վիզը ավելի շուտ բռնես և խեղդես, սիրտը պոկես և դուրս թափես, քո գործած, այսպես ասած, ոճրի պատճառը դու կլինես, չէ՞, ողորմելի մարդ, դու չես հասկացել այս ամբողջ թափված, դարերից ի վեր թափված արյան իմաստը։ Կնստես միառժամանակ նկուղում և շուտով կհասկանաս ամեն բան, մանավանդ լավ կըմբռնես «հայրենիք» բառի իմաստը։ Տա՛ր սրան, թող իմաստություն սովորի։ Հեղափոխությունը քեզ ձեռք չի տա, բայց պարտական է մի քանի գիտելիքներ տալ քեզ, տա՛ր սրան։

Զինված բանվորը հրացանը չխկացնում է, ուզում է առաջը գցել, բայց մարդը դանդաղում է, ուզում է խոսել:

ՄԱՐԴԸ.— Ներեցեք, ընկեր կոմիսար, ես կարծում էի, որ լավ բան էի ասում, եթե գիտենայի, որ իմ ասածները հեղափոխության դեմ են, չէի ասի, աստված վկա, չէի ասի։

ԱՆԴՐԵՅ.— Լավ, որ ասել ես. անհրաժեշտն այն է, որ այդպես չմտածես, իսկ եթե մտածել ես, լավ է, որ ասել ես. դրանում գեթ անկեղծություն կա։

ՄԱՐԴԸ.— (Ոգևորված) Այո, այո, անկեղծ եմ. այդպես էի մտածում. հայրենիքի սերը ինձ թելադրեց այդպես մտածել, և անկեղծորեն ասացի։

ԱՆԴՐԵՅ.— Տարե՛ք սրան, բավական է։

Զինված բանվորը տանում է նրան։

Սատանան տանի, սա էլ ինտելիգենտ է. կարծես ցեխով է պատել ամբողջ ուղեղը։

Զանգահարում են:

Հալլո՛։ (Երկար լսելուց հետո) Տեսնո՞ւմ եք. (ջղայնացած) և մինչև հիմա անուշադրության էր մատնված այդ հակահեղափոխության որջը։ Այս րոպեիս։ 50 զինվոր բավակա՞ն է։ Լա՛վ։ Այս րոպեիս։ (Հեռախոսը կախում է