Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՊԱՏԿԵՐ
Տյուզյան ամիրաների բոսֆորահայաց ապարանքի դահլիճը, կահավորված նոր-բյուզանդական ոճով: Վարագույրը բացվելիս երկու ծառա դահլիճում զբաղված են մաքրությամբ:

Ա. ԾԱՌԱ.— Սարսափելի է եղելությունը։ Երկու օրվա մեջ Տյուզյան ամիրաներից ոչ ոք չմնաց։

Բ. ԾԱՌԱ.— Առաջին անգամ չէ, որ օսմանյան մայրաքաղաքը ականատես է լինում այսպիսի եղեռնագործությունների։

Ա. ԾԱՌԱ.— Ավերվեց Տյուզյանների այս շքեղ ապարանքը։ Կանայք չեն կարող կանգուն պահել այն։ Նահատակների թաղումը ե՞րբ է կատարվելու։

Բ. ԾԱՌԱ.— Երեկ գիշեր Բոսֆորի ձկները խնջույք սարքեցին մեր ամիրաների դիակներով։

Ա. ԾԱՌԱ.— Արդյոք կմնա՞նք մենք այս ապարանքում ամիրաների նահատակությունից հետո։

Բ. ԾԱՌԱ.— Երևի ոչ։

Ա. ԾԱՌԱ.— Եթե չենք մնալու, գլխներիս ճարը տեսնենք։ Այսքան տարի այստեղ գերություն արինք և մի արծաթ չունենք մեր գրպանում։

Բ. ԾԱՌԱ.— Ի՞նչ անենք։

Ա. ԾԱՌԱ.— Պետք է մտածել։

Մտնում են մայրը, Հաջի Չելեբի, Տիգրան և Պողոս ամիրաները: Երկու ամիրաները բռնած են մոր թևերից: Մայրը լաց է լինում: