Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է այդ ոգու կամքին և նա ավարտում է իր մեծագույն գործը՝ Ազատության արձանը։

Վիպակը գրված է դանդաղ և խոհական ոճով, մի տեսակ ծանր հանդիսավորությամբ։ Երբեմն թվում է, թե կարդում ես մի հին մագաղաթյա հիշատակարան, որի բովանդակությունը, սակայն՝ այնքան մոտ է, կենդանի և հուզիչ։ Ռոմանտիկական շունչ, ինչ-որ հեքիաթայնություն կա այդ երկում, որ միաժամանակ իրական է և ճշմարտացի։ Կենսասիրությունը հորդում է Թոթովենցի ամեն մի տողում։ Անգամ մահը նկարագրելիս կենսահաստատ մի խոհ պայծառացնում է հավիտենական քնի վայրկյանը։ Այդպես է մահանում Անդրեասը։ Անդրեասի որդի Երեմիան նույնպես «առանց ցնցումների, առանց մահվան սարսափի փակեց աչքերը լռությամբ և խաղաղությամբ»։ Հովնաթանը մինչև իր կյանքի վերջին վայրկյանը ստեղծագործեց և նույնպես «խաղաղությամբ փակեց կապույտ աչքերը»։

Ինչպես ճշմարիտ արվեստի ամեն մի գործ, Թոթովենցի «Հովնաթան որդի Երեմիայի» վիպակը ունի ներհուն մի ուժ, որ ընթերցողին մղում է դեպի լայն ընդհանրացումներ։

Հովնաթանի և նրա բոլոր նախորդների կյանքն անցնում է ծանր մաքառումների մեջ, սակայն այդ բոլոր դժվարությունների մեջ՝ չի մեռնում կյանքի սերը, ստեղծագործական կորովը։ Հովնաթանն իր վերջին գործով կարծես մի ապաթեոզ է ստեղծում այդ բոլոր մաքառումների համար, նա մարմնավորում է իր տեսիլքը՝ «Ահա մի բլուր, բլրի մի կողին՝ ծերունիներ, կանայք, աղջիկներ և երիտասարդներ, որոնց սրունքներին փափաթված են ահաբեկված մանուկներ, մի քանի կանայք ծծկեր երեխաներով, բոլորն էլ ցնցոտիապատ, մանուկները մերկ, բոլորն էլ հողմածեծ և հալածական, մազերը մրրկից գզգզված, դիմում են դեպի բլրի գագաթը, իսկ գագաթին բարձրանում էր մի ամեհի մարդ՝ ջահը ձեռքին։ Բոլոր ֆիգուրաներն էլ ձգտում էին դեպի այդ ջահը»։ Եվ Հովնաթանն իր կյանքի վերջին վայրկյանին՝ «հավաքեց իր հոգու ամբողջ ուժը, կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտների տակ դրեց՝ Ազատություն»։

Հովնաթանը տվեց իր անմահ ստեղծագործությունը և հեռացավ կյանքից։ «Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները»։ Սակայն կյանքը շարունակում է իր առաջընթացը դեպի կատարելություն, դեպի ստեղծագործական ոգու ազատություն, և երբ կատարվեց մարդկային ճակատագրի ամենաարմատական հեղաշրջումը, ազատագրված «նոր մարդկությունը հիշեց մեծ արվեստագետին, որ կավից և քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքը և հալածանքը»։ Այդ «նոր մարդկությունը» հանում է մոռացության փոշիներից մեծ արվեստագետի գործերը և նրա վերջին հուշարձանը։ «Այժմ այդ հուշարձանը կանգնած է քաղաքի մեծ հրապարակում, սպիտակ մարմարի տակ հանգչում են Հովնաթանի ոսկորները, և բլրի ստորոտում փորագրված է «Հովնաթան որդի Երեմիայի»։