Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես են մարմնանում ազատատենչ ժողովրդի բոլոր նվիրական երազանքները, այդպես է անմահանում ժողովրդի ճակատագրով ներթափանցված ճշմարիտ արվեստի գործը, այդպես է ազատագրված ժողովուրդը տիրանում անցյալի բոլոր արժեքներին։

Վահան Թոթովենցն իր ամերիկյան պատմվածքներով մի նոր աշխարհ բացեց սովետահայ գրականության մեջ։ Այդ պատմվածքներից ամեն մեկը ամերիկյան կյանքի բնորոշ մի երևույթի վրա է սևեռում ընթերցողի միտքը։ Իր պատկերած աշխարհին քաջածանոթ հեղինակը հմուտ արվեստագետի լուսարձակն ուղղում է իր ցանկացած խնդրի վրա և լարում ընթերցողի ուշադրությունը։ Նա, որ ընդհանրապես մի քիչ երկարախոս հեղինակ է, այս պատմվածքները գրել է սեղմ ու հավաք՝ առանց ավելորդ մանրուքների և հռետորական բացատրությունների։

Երեք տասնյակ տարի առաջ գրված այդ պատմվածքները այնքան թարմ են և այժմեական, որ թվում է՝ թե այս օրերին են գրված։ Կանցնեն էլի տասնյակ-տասնյակ տարիներ և այդ պատմվածքները կմնան «այժմեական» և հուզիչ, այնքան կյանք և ճշմարտություն կա նրանց մեջ։

Այդ պատմվածքների աշխարհը Մ. Գորկու բնորոշած «Դեղին դևի» թագավորությունն է, մի «ազատ աշխարհ», ուր տիկին Պուլմենն իր սիրասուն շնիկին թաղում է քաղաքի գերեզմանոցում՝ քրիստոնեական կարգի բոլոր ծիսակատարություններով, իսկ նեգրուհի Մեյրի Ընդրվուդի դիակը գերեզմանից հանվում և նետվում է շներին, ուր ազնիվ, բարի և խոնարհ Թոմը ոճրագործ է դառնում, իսկ բախտախնդիր ոլ խաբեբա Գրոզբին՝ միլիոնատեր, մի աշխարհ, ուր Սպանիայի չքնաղ դուստր Իզաբելլա Սերրանոն խրվում է «ոսկեզօծ կեղտի» մեջ և երազում իր հեռավոր Անդալուզիան, և տիկին Շիլդը,— արաբուհի Էլզեմե Բինտ-էլ-Թալիբը, որի «աչքերի մեջ կարծես մի լուսաստղ քամած լինեին», ոսկու և գոհարեղենների մեջ մաշվում է իր հայրենի աշխարհի կարոտով ու բացականչում՝ «Արաբիայի մի փշուր ավազը ես չեմ փոխի այս ադամանդի հետ» և չտոկալով ոսկեզօծ կյանքի բեռան տակ, թողնում է ամեն ինչ և փախչում Արևելք։ Դա արտաքին հարստության ու շքեղության և սրտի ու հոգու դատարկության աշխարհն է, ճիշտ ու ճիշտ միլիարդատեր պարոն Ֆինկլշտայնի շքեղ գրադարանի պես... իսկ այդ ամբողջ ոսկեկազմ և «արքայական հրատարակություն» ունեցող գրքերը, ավա՜ղ, միայն... դատարկ տուփեր են։

Վահան Թոթովենցը ինքնատիպ հեղինակ է. հախուռն է նա և շարունակ անհանգիստ։ Բնությունը հորդում է նրա երկերում։ Թոթովենցը վարպետ նկարագրող է, երբեմն ժլատ, մի քանի հատու շտրիխներով տալիս է անմոռանալի պատկերներ, երբեմն մի կարճ դիալոգով բացահայտում է մի ամբողջական բնավորություն։ Նրա պատմվածքների հերոսների գործողություններն ունեն հոգեբանորեն պատճառաբանված հիմունք։ Թոթովենցի լեզուն հարուստ է, պատկերավոր, հագեցված համեմատություններով, երբեմն՝ սակայն մեղանչում է արևելահայերենի և արևմտահայերենի օրգանապես չմերված խառնուրդով։