Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Հովնաթան որդի Երեմիայի.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Հովնաթանը թաց, զով և կավի հոտով հագեցած բրուտանոցի հեռավոր անկյունում խաղում էր կավի մի քաոսային զանգվածի հետ։

Մի օր Երեմիան մոտեցավ իր որդուն.

— Ի՞նչ ես շինում։

— Նայի՛ր, ինչի՞ է նման,— պատասխանի փոխարեն հարցրեց Հովնաթանը։

Հայրը երկար դիտեց և ոչ մի բանի չնմանեցնելով՝ ասաց.

— Ոչ մի բանի նման չէ, որդի՛։

Շիրմաքարը վերջնականապես ձևավորվեց։ Քարտաշը շիրմաքարի վրա, կանաչ երակներից ազատ մի կետում, քանդակել էր բացված մի մատյան ճաշոցի մեծությամբ, որտեղ պետք է գրվեր տապանագիրը, քանդակել էր նաև մի գինու փարչ՝ գավը կողքին, խաղողի մի ողկույզ՝ որթատունկի տերևներով, իսկ շիրմաքարն ամբողջ ձևավորված էր իբրև աղյուսներով շարված մի պատի մասը։

Անդրեասի անդրանիկ որդի Երեմիան խորհուրդ արավ իր եղբայրների հետ՝ ի՞նչ գրել բացված մատյանի երկու էջի վրա։

Երկար խոսեցին և երկար վիճեցին, իրիկունը նստեցին և առավոտյան կապտավուն լույսին բաժանվեցին ու չկարողացան որևէ եզրակացության գալ։ Վերջապես որոշեցին կանչել դաշտի ամենահասակավոր վարժապետին և խորհուրդ հարցնել։

Վարժապետը եկավ, թանձր գինի խմեց, ձավարի հետ շաղված հում միս կերավ՝ վրան կարմիր և կծու պղպեղ ցանած, պատմեց, թե որտեղ և երբ էր առաջին անգամ հանդիպել լուսահոգիին, ինչ զրույցներ էր ունեցել նրա հետ, մինչև անգամ նա հաստատապես ասաց, թե որտեղ է գտնվում այժմ նրա հոգին։

Երբ վարժապետը խոսեց նրա հոգու մասին, բոլորը ոտի կանգնեցին և խաչակնքեցին։

Ի վերջո Երեմիան հարցրեց.

— Ի՞նչ գրենք գերեզմանաքարի վրա։

Վարժապետը մատը տարավ քունքին, մի պահ լռեց — դա նրա մտածելակերպն էր — և ասաց.