հրաշագեղ երկիր է, բայց մեզ համար նա օտար է. սակայն քեզ ինչպէս պէտք է տանենք մեզ հետ. մենք ոչ նաւ ունենք, ոչ մակոյկ:»
Այսպէս ահա ամբողջ գիշերը նրանք խօսում էին և միայն երկու—երեք ժամ քնեցին:
«Վաղը, ասում էին եղբայրները, մենք պէտք է միւս ափն ուղևորուենք և միւս տարի միայն կարող ենք վերադառնալ այստեղ: Մենք քեզ չենք կարող թողնել այստեղ, քոյրիկ. արի մեզ հետ. գիշերը մեր ուժեղ կռները կարող են տանել քեզ անտառի միջով, իսկ ցերեկը, երբ թռչուն ենք դառնում, մեր թևերը կարող են պահել քեզ օդում:»
—Տարէք ինձ, ուր և կամենաք, բացականչեց Էլիզան:
Ամբողջ գիշերը նրանք անց կացրին նուրբ եղեգներից և ուռենու կեղևից ցանց գործելով. առաւօտեան արդէն պատրաստ էր մի մեծ և ամուր ցանց: Արևի ծագելուն պէս եղբայրները կարապ դարձան. Էլիզան պառկեց ցանցի մէջ և նրանք կտուցներով բարձրացնելով ցանցը, թռան դէպի միւս ափը: Արևի ճառագայթները ընկնելով