Էջ:Վերք Հայաստանի 109.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծարավի, շոգի ձեռիցը թուլանում, վեր ընկնում. կամ տիրոնջն էլ անասունի հետ էին սպանում, կամ սել, մանր երեխեք միջումը վեր ընկած յա քնած թողում ու տիրոնջը թրածեծ անելով առաջ քշում, հետ ածում. շատը, ղորդ ա, վազում, գնում էր, չունքի ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը դնում սելի վրա, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի, պրծնի ու իր ողորմելի զավակները չոլումը չթողա:

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ. սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում: Երանի՜ նրան, որ էսպես բան ո՛չ տեսել, լսել ա, ո՛չ էլ կտեսնի, կլսի. բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել, լսել, քաշել: Քար չկա մեր երկրումը, քոլ չկա, որ Հայի արնով ներկած չըլի: Դո՛ւ էլ սրանց հետ գնացիր, սի՛րելի եղբայր իմ Մոսի, իմ գառնուկ ախպեր: Ա՜խ, հենց մանուկ երեսիդ էի կարոտ, էն էլ չտեսա: Մորս ծոցին, իրեք տարեկան, սովը քեզ տարավ, էդ լիս երեսիդ ղուրբան: Գերեզմանդ ի՞նչ տեղ ա, չգիտեմ, բայց երկնքումն էլա երաբ մի քեզ կտեսնի՞մ, մի ճտովդ կընկնի՞մ, ա՜յ քո անմեղ ջանին մեռնիմ:

Ա՜խ, սի՛րելի Հայ, էս բաները լսելիս, ինչ ունիս-չունիս, տո՛ւր, որ քո ազգը քիչ-քիչ մեկ լավ օր քաշի: Սրանք են, որ դռնեդուռ ման են գալիս, ողորմություն խնդրում, որ գնան, իրանց գերիքն ազատեն, որ էս դառն ժամանակին Բայազիդ կամ Ղարս ծախել են, որ մյուսներին պահեն: Որդուդ նայի՛ր, աստծուն փառք տո՛ւր, որ քո առաջին խնդալով, խայտալով խաղում են: Ա՜խ, քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, մի՛ երեսդ դարձնի՛ր: Սրանք տանից, տեղից ընկած, որդուց, օղլուշաղից զրկված, սոված, ծարավ՝ քե՛զ են ապավինել: Մի՛ ասիր, թե թամբալ են, բանից փախչում են, սրանց ամեն մեկի սրտումը հազար թուր կա ցցված:

Սրանց ուտելիքն էր խոտը, ծառերի կճեպը, թուփը ու իրանց սատկած տավարի ջամդաքը, չունքի մորթիլ չէ՛ր կարելի էսպես ժամանակին: Մեկ արտ ռաստ գալիս կամ մեկ խարաբա գեղ տեսնելիս՝ հենց իմանում էին, թե դրախտն են գնում, չունքի լավօսալ, էլի մեկ բուռը ցորեն յա մեկ պտղունց գարի ճարում էին ու հենց էնպես բովում, աղանձում, հատիկ անում. աղը հո ղհաթ էր: Էսպես էին քոչում մեր խեղճ, ողորմելի խալխը. չունքի ղզլբաշն իմացել էր, կամ ինքն էր ուզում ռսի հետ կռիվ բաց անի, ուզում էր, որ թե երկիրն առնեն, խալխն էլա չի՛ կորցնի, որ տանին Թեհրան, իրանց ծաոա շինեն՝ յա թուրքացնեն, յա հողի հետ հավասար անեն:

Ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի:

Էսպես տասը-տասնըհինգ օր քաշեց, որ Երևանու էլլիգը կեսվեկես