Էջ:Վերք Հայաստանի 111.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիզու սիրուն օղլուշաղը իրան գազան զորացը մատաղ անի, հրամայեց Նաղի խանին, որ իր ղարափափախները ու մսկլուն վերցնի, գնա, Ղազախու բերանը բռնի. քրդերի գլխավոր Օքյուզ աղին էլ ղրկեց Ղարսա սնըռը, ու ինքը իր սարվազներովը, ղոնշունովը գնաց Ապարան, որ Փամբակու վրովը, ֆռսանդ ճարածին պես, ոուսի սահմանը անց կենա: Բերդերը բոլոր ղայիմացրին, Երևանումն ու Սարդարաբադումը, որքան հարկավոր էր, զորք ու ջաբախանա թողին ու մնացածը հետըները վերցրին:

Ո՛վ էս սհաթը Երևան էր մտել, հենց կիմանար, թե ջրհեղեղը նոր ա էկել աշխարհս քանդել: Ապարան դառել էր մարդի ղասաբխանա: Օր չէ՛ր ըլում, որ սարից, չոլից մարդ չի՛ բռնեն ու Հասան խանի առաջը չբերեն: Ամեն գլուխ բերող նրա աջու ձեռն էր դառնում, փեշքաշի տուտը Ղարս էր հասել: Առանց մարդ սպանելու մեկ օր աչքը չէ՛ր կպցնում: Տեղիցը վեր կենալիս, նամազը պրծածին պես, առաջին գործն էն էր, որ ջրատար, մոլորած եսըրների, որ էստեղ-էնտեղ ճանկում, բերում էին, կամ աչքըները հանի, քիթ ու պռունկը կտրի, կամ ոտն ու ձեռները կտրիլ տա, կամ կտրատած ձեռները դաղած եղի պղնձի մեջը կոխիլ տա, որ արինը կտրվի, կամ նրանց սաղ-սաղ փառչալամիշ անի: Նաղի խանի ու Օքյուզի ղոչաղ ծառեքը հրաշք էին գործում:

Բոլոր Ղազախ-Բոռչալու դոնմիշ էր էլել, շատ էսիր սրանք էին բռնում իրանց միջիցը ու ղզլբաշի ձեռը տալիս: Ճամփա ասես, վելադություն ասես՝ սրանք էին անում ու թշնամուն կամ իրանց մեջը բերում, կամ իրանք խեղճ հայերի տունն ու տեղը թալանում: Շատ անգամ էն մարդի, որի հետ որ աթադան, բաբադան, մուղարար, տարերով նստել, վեր էին կացել, հացը կերել, հարևանություն արել, գալիս էին ափաշկարա, օրը ճաշին տունը կտրում, ունեցած չունեցածը վերցնում ու հետն էլ ասում, որ՝

— Մենք տանինք լավ ա, քանց թշնամին, մենք ձեր դոստն ենք, մենք ուտենք ձեր մալը, թե չէ՛ թշնամին կգա, կտանի:

Է՛սքան բանն անց էր կացել, խորամանկ պարսիկքը իրանց բանը էնպես էին գողի պես սկսել, որ մեր կողմը ո՛չինչ խաբար չկար: Էսպես անօրենություն շա՜տ էր պատահում: Շատ տարի, Ղարսա կամ Բայազդու վրա գնալիս, էս օրը հազիր էր: Ապարանը ամեն տարի էր դուս գալիս սարդարը իր ղոնշունովը, իրեք ամիս մնում, Փամբակու մեծավորին փեշքաշ ուղարկում, իր մոտ հրավիրում ու հազար օրթումով հավատացնում, թե ռուսը քանց նրան էլ մեծ բարեկամ չունի: Էս էր պատճառը, որ Փամբակու իշխող մեծավոր իշխանն և զորապետն՝ Սավարզամիրզա, ո՛չինչ