Էջ:Վերք Հայաստանի 113.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որքան քարափների բերնիցը, որդիանց որ քաջ լոռըցոնց թվանքի գյուլլեն, կամ մեկ լդրանի թուրը անցկենողի գլուխը սոխի պես էին թռցնում ու իրանց թշնամու մարմինը իրանց ձորերին մատաղ անում:

Մենակ դսեղեցի Մեհրաբյան-Թումանյան Հովակիմի անունը քարերը սասանացնում էին: Սարերի, ձորերի միջում մեծացած՝ գազանի ու հարամու արինը թափելով էր նրա ոսկորները հաստացել: Երկու տղամարդ նրա մեջքը չէին կարող խտտել. հինգ մարդ նրա մեկ ձեռը չէին կարող ոլորել. նրա գլուխը մեկ օր չէր ցավել: Կերածը մեղր ու կարագ էր, հագածը՝ շալ, կոխածը՝ ծաղիկ ու չիման. աղբրների վրա, մեշի միջումն էր նա օրորոցումը աչք բաց արել: Նրան ի՞նչ կդիմանար: Աժդհա՛, ու ո՛չ տղամարդ: Չորս գազ ու կես բոյն էր, գազ ու կես՝ թիկունքի լենությունը, դոշը՝ ապառաժի պես հաստ, ամեն մեկ ձեռը՝ մեկ սնի ղդար, ամեն մեկ ոտքը՝ մեղ կաղնու ճուղքը, շլինքը՝ մեկ ծառի քոքի հաստությունով. երեսը մազն էկել, կոխել, երկու թիզ ճակատի տակին սև-սև ունքերն է՛նպես էին բռնել ու նրա արծվի աչքերն ու քիթը կոխել, ինչպես կարկտախառ ամպը՝ գիշերվան աստղերը: Քիթ ու պռունկն էնպես էին մազի միջումը կորել, ինչպես մեկ ապառաժ քար՝ ջանջալի թփի միջումն: Ութ ախպեր ուներ, մեկը քանց մեկը աժդահա. ամեն մեկը հինգ-վեց որդի ունեին, շատի չէ թե հարսանիքն էին մենակ նրանք տեսել, թոռներն էլ մեծացել՝ առաջներին խաղում, սարն էին գնում: Վաթսուն ջանից ավելի հոգի՝ հարս, փեսա, թոռը, ծուռը, առավոտը նրանց տանիցը դուս էին գալիս, րիգունը մթանը՝ նրանց օճորքի տակին քնում, ու նրանց հարյուր տարեկան հեր Մեհրաբը դեռ երեկվան երեխի պես բեղերն օլորում, միրուքը սանդրում, փափախը կոտրում, նրանց հետ պար գալիս՝ պար գալի, խաղալիս՝ խաղում, սազ ածելիս՝ շատ անգամ ինքը սազը ձեռներիցը խլում, ածում, խաղ ասում, քսան տարեկանի պես ձիու վրա նստում, ասպաբը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին՝ պարզիկա գիշերը որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին-հին բաներից, լազգուց, թուրքից հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ՝ թուրը ու թվանքը բարձի տակին, ոտը գերեզմանումը՝ թուրը յա կողքին քաշ, յա պատանի հետ պետք է հողը տարած, որ անբան քարն էլ իմանա, թե ո՞վ ա իրան տակին թաղած:

Էն Հովակիմը, որ մեկ օր լեղանալիս մեշիցը հանկարծ որ տասնըհինգ լազգի չե՛ն դուս գալիս, ինքն էլ կամաց-կամաց ջրիցն ա դուս գալիս որպես թե նրանց բանի տեղ չի՛ քցում, սկսում ա շորերը հաքնիլ: Լազգիքը սովորաբար մարդ չեն սպանիլ, սաղ-սաղ կբռնեն, որ տանին, ծախեն: Հենց որ մոտանում են, ձեն ա տալիս էս աժդհեն, որ կանգնին, ու