Էջ:Վերք Հայաստանի 115.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռները բաց, շատ անգամ շապկանց, գլխաբաց, կրակի չորս կողմը կտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց են ուտում ու իրանց ձորերի պատմությունն անում, ու որդին հոր ճտովն, ախպերը քվորը խտտած՝ անմեղ գառի պես բոլորեշուրջը վեր թափում, քնում: Մեկ ղալմաղալ ընկնելիս՝ իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպես քարափների, էրերի մեջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ մոտ գա: Հազար գազ բարձր, սուր քարափների դոշին, որ մարդ մտիկ անելիս աչքը սևանում էր, սրանք էնպես էին ման գալիս, էնպես էին էս քարափի ծերիցը օձի պես էն քարափի ծերին թռչում, որ հեռըվանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրա չէր կարում ահիցը կանգնիլ, նստում: Տավար, ոչխար, իլխի՝ մեշեքն էին քշում, ու իրանք, թվանքները ուսըներին, սար ու ձոր ոտի տակ տալիս:

Ա՜խ, ի՞նչ տեղ են կենում, որ էսպես չանեն, էս սիրտը չունենան: Վարժատան չէին՝ մեռած բառով, անհոգի շնչով, թույլ լեզվով լսել, թե Հայք էլ վաղ թագավորություն ունեին, որ կամ չհավատային, կամ քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ: Ամեն քար նրանց համար գիրք ա, ամեն ապառաժ՝ նրանց համար պատմություն, ամեն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էստեղ, նրանց համար կենդանի վարժապետ: Ամեն գերեզման, ամեն արձա՝ նրանց համար կենդանի վկա ու պատմագիր: Լոռվա անառիկ բերդը, Սանահնա և Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները՝ նրանց համար վարժատուն: Իրանք, ղորդ ա, կարդալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պես ա գրված, թե էս է՛ն սուրբ հողերն են, է՛ն սուրբ դաշտերն են, ուր մեծն Շահն-շահ Աշոտ Բագրատունի, Սմբատ…, Զաքարե Սպասալար, Արղությանց-Երկայնաբազուկ նախնիք, Հովհան Օձնեցի իմաստասեր, Հովհան Երզնկացի՝ արծվի պես խոյանային, առյուծի պես մռնչային ու հրեղեն սերովբեի ու քերովբեի պես թուրը ձեռ առած՝ երկրումս Օմարի, հոնաց, Ջինգիզ խանի, Թամուրլանգի հոգին քաղեին, երկնքումը իրանց համար անմահության բրաբիոն, անթառամ պսակ պատրաստեին:

Նրանց ծնկները՝ սրանց գերեզմանի վրա չոքում. նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում. նրանց ոտը սրանց երեսին ա կանգնում. նրանց արտասունքը սրանց հողի հետ ա խառնվում: Նրանց սերմը՝ սրանց հողիցն դուս գալիս, իրանց պահում: Նրանց տան հիմքը՝ սրանց գերեզմանի վրա շինած: Նրանց մեռելը՝ սրանց միջումը պառկած: