Էջ:Վերք Հայաստանի 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաղ փորելու, էտելու, թաղելու, դարման կրելու դարդ չունենալով՝ ճմլկոտալով, աչքները ճմռեցին ու քնահարամ մտան գոմը, որ տավարին, ձիանոնցը խոտ տան, տակըները սրբեն, ջուրը տանին, ձիանը թիմարեն ու հետը խաղ ասելով էլ ետ կապեն ու գնան տուն: Հարգևոր հարսերը՝ ասղարույր գյուլաբաթնի օշմաղը մինչև քթըների կեսը խոր քցած, քող ու լաչակի ծերը աչքերի տակը խոր քաշած, որ էլ երեսները չէր երևում, մեկ դարայի կամ ղադաք մինթանա հաքըներին, մովի կամ կտավի շապկով զարդարած, մեկ մեծ գոտկով մեջքները չորս տակ, հինգ տակ կապած՝ ղշի պես կուփ-կուփ վեր թռան, երեսներին մի քիչ ջուր քսեցին, փեշով սրբեցին, ու որն սկսեց տունն ավելել, որը դուռը սրբիլ, որն էլ չախմախին տվեց, կրակ արեց, որ թունդիրը վառի ու տան թադարեքը տեսնի, պղնձները վրեն դնի ու կերակուրները էփի, հազիր անի: Տան ջահել աղջկերքն էլ գլխըները սանդրեցին, մազըները հուսած, քամակներին քցած, կարմրագագաթ պոպոզ մորթե գդակները գլխըներին, անկաջները կապեցին, դաստամալն ուսըներին քցեցին, կուժը վրեն դրին, բերանը կալան ու գնացին, որ տան համար ջուր բերեն, ու երկար ժամանակ ջրի վրա իրար հետ զրից տալուցը ետը՝ էլ ետ իրար հետ խոսալով, ծիծաղելով մեկն իրանց տունը գնաց, մյուսն՝ իրանց:

Արեգակի շողքն ընկավ տուն. բորյազը մեկ կողմից էր շվացնում, բզզում, հոսանը մյուս կողմից ֆստացնում, փստացնում, վզվզում, ձինը փանջարեքովը ու երդկովը ներս ածում, աչք ու անկաջ լցնում, ու էրեխեքն էլ քնաթաթախ վեր կացած, թունդրի չորս կողմովը բոլորված, շարված, ու դեռ անլվա՝ ոտըները քարին, գետնին էին ծեծում, մորըները խփում, որ հաց առնին, ուտեն: Աթարի սև, թանձր ծուխը դուռն ու երդիկը կալել, տունը մխի ծով էր շինել, էնպես որ մարդի աչքը առաջը չէ՛ր կարում ջոկի: Էրեխեքանց սուգ ու շիվանը գլուխ էր տանում, քյալլա ծակում: Որն օրորոցումն էր լալիս, որը դեռ յորղանի տակին, աչք ու բերան ծխով լիքը՝ գոռում, հարայ տալիս, որն էլ տված հացովը հերիք չէր, էլի ժնգժնգում, ուզում էր, որ էլի տան, որ ձենը կտրի: Խեղճ տանտիկինը հո, չէ՛ր իմանում, թե ձեռը ո՛րի բերնին դնի, ո՛րի աչքը կշտացնի, ու իր բերանն ու աչքը հո, բաց ու խուփ անելով մեռել էր, հենց բռնի՛ր: Է՛նքան ծուխ էր կուլ տվել, բռնոթի քաշել, փռշտացել, հազացել, որ սիրտն էկել էր, բողազին դեմ առել: Է՛նքան աչքերը տրորել էր ու աղի արտասունք թափել, որ աչքի լիսը թռել էր: Է՛նքան կուզեկուզ, հավկրի պես ման էր էկել պուճախե-պուճախ ընկել, որ էլ մեջքը չէ՛ր կարում քաշիլ: Թունդիրն էլ քանի կենում էր, թեժանում էր: Պղնձները ղլթղլթալով եփ էին գալիս, ինքն էլ