Էջ:Վերք Հայաստանի 120.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր առա, ինձ որդի շինեցի, ու ինձ որդուց ավելի համ տվեց: Ջուրը որ քցեի, կընկներ. կրակը քցեի, երեսը ետ չէ՛ր դարձնիլ: Տեսնո՞ւմ եք է՛ս լեն ճակատը, է՛ս պարթև բոյը, է՛ս արծվի աչքերը, է՛ս գեղեցիկ պատկերը. լսե՞լ եք սրա անուշ լեզուն: Եկեղեցին մտնելիս, հենց իմանաս, հրեշտակ ա մտնում մեր մեջը, դուս գալիս. հենց բռնես՝ արեգակ ա ծագում: Ա՜խ, ամեն մեկ սրան մտիկ տալիս, ամեն մեկ սրա ձենը լսելիս՝ էնպես եմ իմացել, թե սուրբ Վարդանն ա առաջիս կանգնած: Տե՛րտեր ջան, սրան օրհնի՛ր, ձեռդ դի՛ր գլխին. ո՞վ ա խաբար, աղոթարանը բացվում ա արնով լցված. սրտովս դառը մտքեր շատ ա անց կենում, ամա մեր հավատը զորավոր ա:

Վա՛րդիկ ջան, արևի՛դ մեռնիմ. քանի շունչս վրես ա, արի՛, մեկ քեզ համբուրեմ, արի՛, էդ սուրբ երեսիդ ղուրբան ըլիմ: Թե հողն էլ մտնիմ, էդ արդար ձեռովդ իմ աչքս խփի՛ր. իմ հողը դո՛ւ քցիր, իմ մեծ որդին դո՛ւ ըլի՛ր, իմ տեղը դո՛ւ բռնիր, իմ տունը դո՛ւ հովվիր: Քանի ոտդ իմ շեմումն ըլի, իմ տունը կծաղկի, քարերն էլ ինձ պտուղ կտան: Արի՛, երեսիդ մեռնիմ, իմ երկրո՛րդ Վարդան, իմ ազի՛զ Վարդան. գերեզմանումն էլ որ ըլիմ, որ դու գաս, երեսս կոխես, հենց կիմանամ՝ հրեշտակ ա թևերն վրես փռել: Արի՛, արի՛, երեսս ոտիդ տակը, բալքի թե է՛ս ձեռը, որ հիմիկ քեզ խտտում ա, է՛ս աչքը, որ սուրբ երեսդ տեսնում, է՛ս լեզուն, որ հետդ խոսում, էսօր բոլորն էլ լռվին, ու մարմինս քո աոաջին անշունչ, անլեզու ընկած ըլի: Լաս՝ ես չլսեմ, սգաս՝ ես չտեսնիմ, չիմանամ: Վարդանի՛ աստված, Վահանի՛ աստված, ո՛վ սուրբ Լուսավորիչ. թե էս ծերացած գլուխը էլ ջեր օր չի՛ պտի տեսնի, թո՛ղ սրա ոտի տակին մեռնիմ: Թե էս հալևոր աչքը էլ արեգակի լիս չի՛ պտի տեսնի, ա՜խ, աստված, քո հողն եմ ու մոխիրը, թո՛ղ սրա ձեռն իմ երեսիս մեկ բուռը հող քցի:

Վա՛րդան ջան, արևիդ մեռնիմ. մի՛ լար, քո արտասունքը սիրտս էրում, խորովում ա: Մի՛ լար, էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան: Քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա ա, սրբի՛ր աչքերդ: Մկամ քեզ որ օրհնեմ, ես պտի մեռնի՞մ. քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չե՛մ գովել ու երեսդ երեսիս, աչքերս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել: Արի՛, ո՜րդյակ իմ. արի՛, հոգի՛ իմ. իմ տան սին, իմ կենաց գավազան. իմ օրհնությունը հոր օրհնություն ա: Հոր ձենն աստված թեզ կլսի: Արի՛, քեզ օրհնեմ. վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը, մյուս տղերքանցս սիրտն ա՛ռ, քեզ պահի՛ր: Աստված էս ձեռը, որ մինչև էսօր մեկի մազի չի դիպել, չի թուլացնիլ: Դուք ինձ համար աղոթք արե՛ք ձեր արդար բերնովը: Էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ. արծիվը երկնքիցը վեր կբերենք: