Էջ:Վերք Հայաստանի 133.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համն առնիս, էն ժամանակը է՛դ սև երեսդ կսպիտակի, է՛դ գիլի աչքերդ գառնի կդառնա, է՛դ հոտած բերանդ կդառնա աստուծո տաճար: Մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի, մեր տերտերի ձեռը չպաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ՛ թե բաց թողամ, փառչա-փառչա կանեմ, էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ: Շո՛ւտ, չոքի՛ր, չոքի՛ր, թե չէ, տեսնո՞ւմ ես թուրը, գլուխդ սոխի պես կթռցնե՛մ, չոքի՛ր…

Քար ըլեր՝ կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հասան խանը՝ աշխարքի տերը, երկրի քանդողը: Ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի՛ հանեց: Քուրդ ասեր, օսմանցի ասեր նրան էս խոսքերը, ե՞րբ էնքան կցավեր. հայից էսպես թուք և մուր ստանա, որ մինչև էն օրը խո՛տ, ա՛ղբ էր համարո՞ւմ: Հայը նրա հավատը ոտի տակ տա՞: Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին, հենց գիտես, նոր շունչ առավ. ատամները ղրճտացրեց, աչքերը կայծակին տալով՝ տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ.

— Հայի շուն, դո՞ւ մնացիր Հասան խանի վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր ձեր հոտած հավատի լափն իմ գլխին ածես. գյոռդ պատռվի, Հասան խան, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում: Գլխիդ փափախը քամին տանի, քառանայիր, ո՛չ լսեիր, էս ի՞նչ իմացար: Հազար-հազար մարդի փոր վեր ածես, մեկ հայի կտորի առաջին էսպես կո՞ւչ գա՞ս. էլ ո՞ւր եմ ուզում աշխարհներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի: Ընչի՞ չի՛ պետք է ես հայ-օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր,— ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց, որ թե ձին չէ՛ր խրտնել, ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր:

Աղասին քարիցը կկարծեր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը:

— Խա՛ն, կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակը կըլի, արինակե՛ր գազան. էդպես հո չե՞ն խփիլ կամ գողի պես վրա պրծնի՞լ: Ձեռս ափսո՛ս ա, որ քեզ դիպչի. գազանին գազանով պետք է պատժած: Խա՛ն, հլա ձիուս հունարը տե՛ս, հետո կիմանաս, թե ի՛նչ թուր ա վրեդ խաղում,— ասաց հսկայն ու ձիուն ղամշեց:

Կատաղած ձին՝ բերանը փրփուրը լիքը, առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռավ, Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բախտը բանեց. ձին որ թռավ, նա մնաց մեջտեղը անվնաս: Մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու ետ կդառնար, Հասան խանը հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը ետ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ: Հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես