Էջ:Վերք Հայաստանի 138.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շնորհակալությունն արին, քյաբին՝ իրանց երկրպագությունը, ու թամուզ ձեռներով, մուռտառ սրտով վեր կացան, որ իրանց աստուծո տված մատաղը կտրեն, տոն կատարեն, որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին:

Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից, գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ. թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն, որ բարձրացել էր, հասավ արեգակի մոտ ու արյան ծովի պես առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով՝ էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպես էին կարծել, որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում. օրը դառավ գիշեր: Հավ, ճիվ, թռչուն, անասուն՝ վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում:

Խլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով՝ տարել էր, մեշեքն էր քցել. դուզ, չոլ, ղռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ, ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ, սարերը աստղեր էին շինել, ձորերը՝ երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշեր մեր գլխին էրվում են: Կատաղի քամին բոցին առաջն արած որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր մարդ, թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին: Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած որ կուլ տված քամին էլ ետ չէին քշում, տալիս քարափների ճակատին, քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին, փախչին, ու նրանց դողի ու զրնգոցի ձենի մեկ տուտը երկինքն էր հասել, ամպերն իրարոցով տալիս, մյուսը գետնի գլուխը, մեջքը, ոսկորները ջարդելով՝ անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով գնում, կորչում, լռվում, պապանձվում: Կայծակի ամեն մեկ ճամբարակը, ճոպանը, ինչպես մեկ հրեղեն սուր, որ երկինքը չէ՛ր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին, թափին տալիս, ուզում էին, որ էս ահագին երկրի գլխըները, իրանց աչք-ձորերը տակուվեր անեն, քոռացնեն, իրար սպանեն ու սաղ-սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին: Ամպերը օխտը գլխանի վիշապի նման, երկնքիցը ճոլոլակ էլած, որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին, որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր-փշուր անեն ու էլ ետ հազար թիքա արած՝ ածեն անիրավ մարդի գլխին, որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ աստվածանից վախենում, ո՛չ ջուր իրան օրինակ առնում, ո՛չ հողից մեկ խրատ վերցնում, ո՛չ իր խեղճ հոգու