Էջ:Վերք Հայաստանի 144.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը՝ իրանք մրմնջան, նրանք փրփնջան. իրանք մղկտան, սրանք վխկտան. իրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն ու փառավորվին. իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձեն տալով՝ դոշըները ետ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսեյնի անունը հիշելով՝ յա ծոցըները ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով՝ նրանց սրտըներին դեմ անեն, որ լռվին:

Ա՜խ, չէ՛, չէ՛. անկաջդ կա՛լ, սի՛րելի, մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում: Աստղերը դուս են էկել, պելացել. ցավակից լուսինը տխուր, դառնավարամ՝ հենց աչքը Ապարանի երեսին առավ թե չէ, էլ ետ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի. երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի. միմիայն անսիրտ, անգութ սարերը սիրտ ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս. ծիծաղելիս՝ ծիծաղում, հրհռալիս՝ հրհռում, հառաչելիս՝ հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս՝լաց ըլում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու մեկն էլա իրանք չիմանում:

— Նա՛նի ջան… ջա՛նի ջան… ա՛խպեր ջան… ա՛ստված ջան… բա՛բա ջան, հո՛գի ջան… վա՜յ, վա՜յ… վա՜յ մեր սև օրին, արևին, վա՜յ մեր ջրատար գլխին: Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ձեր ձեռովը մեզ ջուրն ածե՛իք, ի՞նչ կըլեր՝ մեզ չէ՛իք ծնել. ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին, ընչի՞ չի՛ մեզ էլ ղիմա-ղիմա տվին. էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել. գետինը չի՛պատռվում, մեզ ներս տանում. երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում: Ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք: Ա՜խ, տեր աստված. ընչի՞ մեզ էսպես պատժեցիր. քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպես հանեցիր. ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր: Մեր հորնըմորը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանեիր, ի՞նչ կըլեր:

Մութն էկել ա, գետինն առել, նա՜նի ջան, սար ու ձոր խավարել, փակվել, մենք մերը կորցրած հավի ճտերի պես ընկել ենք չոլ ու դուզ. ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս՝ ղարար, ա՜խ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս. ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուգը տեսնի. ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի. ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանա: Քարերը անկաջ չունին, որ մեր ձենը լսեն. սարերը սիրտ չունին, որ մեզ վրա ցավին. երկինքը՝ հեռու, որ մեզ քաշի, տանի. երկիրը թուր չունի, որ մեզ էլ փրթի, կոտորի. ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ: Ընչի՞ մեզ