Էջ:Վերք Հայաստանի 158.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջն արել, տանում ա: Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը էն անթիվ բազմությունի ետևիցը: Քուրդ ու ղարափափախ՝ եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում: Էս միջոցումը մովրովը հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը պրծացնի. միմիայն քաջն Սոսի մեկ քարի տակի, իր կտրիճ ընկեր մելիք Հոհանջանի հետ ղայիմանում, ու մեկը մեկին ձեն են տալիս.

— Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ, ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել,մեր աշխարհի սիրով մեռել: Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ: Չոլումը մեռնիլը տղամարդություն է:

Ճանանչ թուրքեր ձեն են տալիս.

— Սո՛սի աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք: Մենք քեզ կտանինք, սաղ-սալամաթ ճամփու կքցենք. մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր:

Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կանեն, նրանց խոսքին չի՛ նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ձիու շլինքովն ընկնում: Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիճ հսկայքը ու թուրըները հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը, առյուծի պես: Ընչանք իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում ու իրանք աստծուն մատաղ ըլում:

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը, ո՜վ քաջ նահատակք: Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա: Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի: Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ. էդպես պատվական արինն էր, որ աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեցու էսօր էլ է՛ն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս.

— Հա՛յք, մե՛զ պես մեռեք, որ անուն ճարե՛ք:

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք:

Բարեխնամ կառավարությունը տեսնելով, որ աշխարքն էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան Լոռի, որ իրանց պրծացնեն: Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր: Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը: Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սգատուն, գողադարան: