Էջ:Վերք Հայաստանի 161.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քրդստանցի հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս: Մեկ օր Անի էր ըլում, մեկ օր՝ Ղոշավանք, ու էստեղ-էնտեղ չափմիշ անելով՝ գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա: Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել: Էստեղից էր, որ վրա հասավ ու իր չար թշնամի Հասան խանին ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ ետ բաց թողեց:

Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա, երբ Քանաքեռ սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ էնպես մնաց ազիզ թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած: Ընկերներն էլ Ժամանակ չկորցրին. գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Ապարանու սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա, որ իրանց գլուխը թափեն: Էրկու սհաթից ետը ի՞նչ Քանաքռու հալն էր, աստված ո՛չ նշանց տա: Սուգ ու շիվանն ընկավ գեղը. տուն էր, որ քանդում էին. մարդ էր, որ փետ ու միս էին արել, փախածներին պտրտում. նրանց հերնըմերը, օղլուշաղը թրի տակ արած՝ մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները ետևին կապած՝ ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը:

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի. աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա. հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտնըներովը փաթաթվում. որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում: Քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում. փետ էր պատահում, գլխըներին խփում: Շատին էլ տան սներիցը կապել, էնպես էին չիփ-չիփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը՝ գետինը: Սաղ գեղը պոկ էր էկել. որը գլխաբաց, որը բոպիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած՝ արնաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով. որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր: Քեդխուդեքն էլ հո, ձեռ-ձեռի կապած, էնքան ոտի, թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար:

Էս հալին մտան Երևան. գնացին բերդը: Կնանոնցը քարով, փետով դեն արին, մարդկերանցը ներս քաշեցին, ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի: Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը՝ դրսիցը, իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց,— աշխարքը դինջացավ, դահիճքը կատաղեցին: