Էջ:Վերք Հայաստանի 163.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ անօրենի ձեռի ենք մնացել: Գնա՛նք, վախտ կորցնիլ պետքը չի:

Էսպես խոսեց էս արժանահիշատակ թուրքը, որ ամեն սհաթի հայերի համար գլուխը ետ էր դրած: Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ աղի հետ մտավ բերդը: Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փետացած կանգնած: Երևանու բնիկ թուրքերը, որ հայի հետ մեկտեղ մեծացել, ախպոր պես էին վարվում, սարդարին, Հասան խանին անիծելով, թքելով, ղզլբշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ-քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում.

— Տե՛ր աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի, ու մենք էս անիծած ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք:

Չունքի սրանք երլու ըլելով՝ չէին ուզում մեկ օր էլա նրանց ծառայեն, ու շատ անգամ հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել, էլ ետ երկիրը զավթել էին:

— Սարդա՛ր գլխի՛դ ղուրբան,— ասացին Սվանդուլի խանն ու Սհակ աղեն ու ձեռ-ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ հայերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին, որ գլխըները տան: Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին:— Սա՛րդար, մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր,— ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն:— Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, ղովում, ղարդաշ՝ գլխիդ եսիր ըլին: Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր: Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը, քեզ տեսնելիս, բերանը կփակի. ոտդ թափ տաս՝ երկիրը թև կառնի, կթռչի. արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս. ոտդ որտեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս. աչքդ որտեղ քցում ես, արեգակ է բաց ըլում. ի՞նչպես ես մեկ լաչար աղջկա խաթեր, մեկ-երկու նոքարի խոսքով՝ էսքան տուն քանդում. բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը, որ ալամ աշխարք տեսել, զարմացել ա: Ի՞նչպես էս էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս: Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում: Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր: Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում: Երկինքն էլ ա քոնը, ի՜նչ թե երկիրս: Արարած աշխարքս քե՛զ ա գլուխ վեր բերում. մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն ուզում ես քանդես: Աղջիկ ես ուզում, հազարը կա: Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի: Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա: Դո՞ւ չես, որ էդ հալալ բերնովդ ամեն օր ասում ես. Հայերը