Էջ:Վերք Հայաստանի 165.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրհնես, թե քեզ հալածի: Էս խե՞լք ա: Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում: Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի: Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն. մեկ ղարաբաղցի հոտաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել: Խոսրով-խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, էնպես էլ՝ Մանուչար-խանը. հմիկ սաղ Իրանը զավթել են. շահն էլ են նրանք, շահզադեն էլ: Շահի հոգին նրանց ձեռին ա. ասեն՝ նստի, կնստի, վե՛ր կա՛ց, վեր կկենա. ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա նրանց ձեռին են մտիկ տալիս: Ստամբոլ են գնում հայի տղերքը՝ վազիր ու փաշա են դառնում. Թեհրան են ընկնում՝ նազիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ, որ ստանա, ու սրանք էսպես քարացել, ոչինչ չեն ընդունում: Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ՝ սրանց սպանելով, սրանք էլի, հենց գիտես, թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում, էլի կտրածի տեղը բռնում:

Մարդ կուզի՝ օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում: Մեռնին իրանց հավատովը՝ դժոխքը պետք է գնան,սատանի ձեռքը: Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն: Մեր հավատովը՝ կե՛ր, քանդի՛ր, խլի՛ր, սպանի՛ր, քեֆ արա՛, աշխարքի վայելչությունը քաշի՛ր: Կնիկդ փիս ա, դո՛ւս արա, ուրիշն ա՛ռ. ո՛չ պաս, ո՛չ ծում. աչքդ ի՞նչ սիրի, էն կե՛ր, էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վե՛ր ածա, քեզ ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնա՛ էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ. առաջիդ էլի հազար մոյդա ու աղջիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան. վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՜ռք: Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները. էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո, էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բանալիքը մեր փեղամբարի ձեռին ա: Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում: Ծծկեր երեխեն էլ, թուրքի անունը տալիս, ուզում ա՝ մարդի կտրատի: Էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր: Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ-սաղ ուտում են, սրանց արածին ո՞վ կդիմանա: Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել. ախր ի՞նչ անեմ. սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա-ղիմա