Էջ:Վերք Հայաստանի 166.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անես: Ախր նա էս օձերի ճուտն ա. ընչանք մորը չսպանես, ձագը ձե՞ռ կընկնի:

Խա՛ն, Մա՛լիք, էլի ասում եմ՝ սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես ետ դարձնեմ: Որ սիրտս ուզեք, գիտեք, որ կհանեմ, ձեզ կտամ: Սրանց գլուխը ձեր արևին սադաղ. թո՛ղ բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան ետ գա: Հորնըմոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն՝ անոշ: Թո՛ղ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ ետ դառնան, թե չէ բանը փիս կգա: Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա: Թո՛ղ նա էլ, ուրիշներն էլ լա՛վ իմանան, թե սարդարի հրամանը գետինը չի՛ պետք է քցած, սրբի պես պաշտած, որ մեկն էլա չի՛ համարձակի էսպես բանն անիլ: Թե չէ՝ հայերը գել կդառնան, մեզ կուտեն: Էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ:

Ասում եմ ձեզ, ա՜յ աղսախկալուք (ծերունիք), ղուռանի զորությունը գիտենա, թև առնին ձեր որդիքը, երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ. գետնի տակը մտնին յա ծովի, կհանեմ, թիքա-թիքա կանեմ. նրանք որ չգան, սաղ հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ. թե խելք ունին, ձեզ խեղճ գան, ետ դառնան: Հազար ձիավոր նրանց ետևիցն ընկած՝ սար ու ձոր ոտի տակ են տալիս, ղազախ, ղարափափախ՝ նրանց արինը խմում. թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա. ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, ետ գան, թե չէ, որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք: Քյաբ ու ղուռանով, շահի գլխովն օրթում եմ ուտում. ասածս ասած ա, դուք գիտեք: Գնացե՛ք. էսօր կգան՝ ազատ եք, էգուց կգան՝ նմանապես: Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցիցն ա կախ. թե ետ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց սպանեմ: Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան: Գնացե՛ք, միտք արե՛ք. ձեր գլխի դարդը քաշեցե՛ք:

Էս խոսքի վրա Սվանղուլի խանն ու Սհակ աղեն վեր կացան, աթոռի ոտն ու սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ոռըոռ անելով դուս գնացին:

Բանտը բաց արին, ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս. դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին: Թագուհին էլ էնքան ոտին-գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ սարդարի երեսը չկարացին բերել: Սվանղուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոգսն էլ քաշի, նրան էլ ճար անի: