Էջ:Վերք Հայաստանի 173.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին: Քարերի տակովը, փորըսող անելով, էնքան գնացին, որ մտան մեկ քանդված փոսի մեջ: Ջուր չկար միջումը, բան չկար, անձրևի ճղած էր: Թափի շվաքը մեկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը: Էս խանդակի միջովն էնքան էսպես ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դեմ ու դեմ: Լիսնյակը հենց ընկավ թուրքերի ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի: Սիրտըները ընկան տեղ: Մի քիչ էլ շունչ առան, ու ամեն մեկը մեկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու հարամիքանց բանհոգի ըլիլը մեկ էլավ: Հավի պես դեռ էնպես թրպրտում էին, որ մեր տղերքը վրա հասան: Ա՜խ, ո՞վ է կարող նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ. երկնքիցը իրանց հոգին ետ բերին, էլ նրանց բերանն ի՞նչ խոսք կգար: Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ-ասպաբը, շորերը, բարձեցին թուրքերի ձիանոնց վրա ու երըմիշ էլան: Ո՞վ կզարմանա, որ լսի, թե Աղասին, ամեն իր շանը տեսնելիս, ուզում էր կյանքը նրան տա: Վարավուրդով՝ մինչև տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին: Եկեղեցու մոտ էլ ետ հասան, հանեցին, մեկ քանի շահի փող դրին սեղանի վրա, չոքեցին, աստծուն փառաբանություն տվին ու ճամփա ընկան:


<4>


Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը քիչ էր մնացել բացվի, որ մեր ճամփորդները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա: Աղասին չէր ուզում, որ մարդամեջ մտնի, ուզում էր՝ սարե-սար ման գա, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի: Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լավ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնությունն ու չորությունը, ողորմելի ձիանոնց սովածությունը ո՛չինչ կերպով չէր կարելի հաղթել:

— Է՛ս վախտին, է՛ս հալին՝ աջա՜բ-աջա՜բ, Ա՛ղասի ջան, խե՛ր ըլի,— ձեն տվեց աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բռնեց, տարավ սաքուն:

Գոմի երկենությունը հարիր գազ կըլեր: Գոմեշ, ձի, եզը, տավար, ոչխար՝ էլ ո՛չ տուտ ուներ, ո՛չ տակ: Իսկույն շոր փռիլ, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան՝ հարգևոր-հարգևոր, քիթ ու պռունկ կալած. նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները երկու կարգ սկսեցին նստիլ: Աղա Ն. ամենիցը ներքև էր նստել: Մեկ