Էջ:Վերք Հայաստանի 176.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունի՞ք, ձի կտա՛նք.կով չունի՞ք, կով կտա՛նք. էկե՛ք, տարե՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում: Կուզե՛ք, մեր երեխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարե՛ք, ծախեցե՛ք. ով ձեզ ձեն տա, պարտականը ինքը մնա: Չունքի էսպես ա՛, քյո՛խվա, սրանց մեկ լավ պատժենք. հազիր բարիկենդան օր էլ ա. էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք. էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին: Սրանց հախն ա. ով տարենը մի անգամ կգա մեր տունը, բոլոր տարվան պարտքը պետք է վճարի. քնի էլ, զարթնի էլ, պետք է ուտի, խմի, քեֆ անի: Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք, ու չորս պատերը տեսնին. էսպես հացը հարամ ըլի: Մեկ թիքեդ որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ի՞նչպես կուլ կերթա, յա կմարսես: Էստուր համար ենք արևի, անձրևի տակին՝ սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուռը բաց անող, մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞: Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չմտնին, չկշտանան: Էլ էն տանը բարաքյա՞թ կըլի: Էլ էն դաշտը պտո՞ւղ կտա: Չէ՛, քյո՛խվա, էսօր ամենս քո ղոնաղն ենք, էգուց՝ իմը, էլօր՝ սրանը. էսպես՝ մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփու քցենք: Չեն ուզիլ մնան, ոտըները կապենք, մինչև զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք: Ի՞նչ կասեք:

— Հա՛յ, բերանդ ապրի, հա՛յ, ավետարանի կողքիցն ես խոսում,— ասեցին չորս կողմիցը,— շա՛տ լավ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի. մեր սրտի ուզածն էլ հենց է՛դ էր:

— Հա՛յդե, տղե՛րք, գնացե՛ք, աշըղին բերե՛ք,— ասեց քյոխվեն ուրախ-ուրախ ու գդակը մեկ լավ կոտրեց, աջու անկաջի վրա դրեց,— մեծ աչառը մորթեցե՛ք, ղավուրմա տվե՛ք, մեկ ղոչ էլ հետը, ու կակող տեղերը՝ բդերն ու սուկին, բերե՛ք, որ մենք մեր ձեռովը խորովենք. զուռնաչին էլ թո՛ղ գա, տերտերին էլ համեցեք արե՛ք: Գինին դուքանումն ա, փողը՝ ջիբումս, մեր ջամըհաթն ըլի սաղ. եղն ու կարագը, սերն ու մեղրը ու պանիրն՝ կճճներով տանըս դրած, ամբարս ու հորս՝ լիքը: Շահն էլ մեր քեֆը չունի. ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, աստծուն փառք տա՛նք, մեր մեռելները հիշե՛նք, մեր ղոնաղների սիրտը շահե՛նք, որ իմանան, թե սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի: Աստված ռուս թագավորի թախտը հաստատ պահի, նրա դովլաթիցը՝ ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ, կճարեմ:

Աղասին, էսքան խոսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել. ինքը ճամփիցը բեզարած՝ ցուրտը մեկ կողմիցն էր թմբրացրել, շոգն էլ իր հարարաթը շհանց տվեց ու ջանն առավ: Գլուխը պատին դեմ տված՝ մնացել էր էնպես ցից քնած: Նստողները բոլորն էլ վարավուրդ էին անում,