Էջ:Վերք Հայաստանի 18.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ աման-չաման կա, լվանում եմ, ղուղս մզում, քամում, բեինս քանդում, որ տեսնիմ, թե ի՞նչ եմ արել, որ ես ինքս ասեմ ու հարցնիլ չտամ: Տուն չե՛մ կտրել, մարդ չե՛մ սպանել, ուրըշի հացը ձեռիցը չե՛մ խլել, աստծուն իրան այան ա. գողություն, չարություն, անառակություն մտքովս էլ չի՛ անց կենում, էնքան արևի, անձրևի տակին չոքըչոք եմ անում: Առավոտը գնում եմ հանդը, րիգունը գալիս, մեկ մարդի ծուռը աչքով չեմ մտիկ տալիս, էլ մեղքս ո՞րն ա, որ հենց գլխըներս տանում են, թե՝ հա՛, ասա, հա՛, ասա՛: Ես լավ գիտեմ՝ մեղքի պարկն ո՞վ ա, իրանցից պետք է հեսաբ պահանջել. մեզ վրա են բեռը բարձում, մեզ մեղավոր շինում: Ղորդ են ասել, թե շատ կարդացողի ծուծը բարակ կըլի, գլխումը խելքը չի՛ ըլիլ կամ թե չէ կթուրքանա: Աշխարքս կարդացողիցն ա շինվել, կարդացողիցն էլ պիտի քանդվի: Իմ դուշմանս նրանց ձեռը չընկնի, սաղ-սաղ կուտեն մարդի: Ինչ ասես՝ նրանցից դուս ա գալիս: Ավետարանը իրանք են կարդում, ժամ ու պատարագ իրանք անում, մեզ ասում, թե մեր ասածն արեք, մեր գործքին մեք նայիլ: Ախր ի՞նչպես չնայեմ, հո քոռ չեմ, փաոք աստծու: Ինչ ճամփով որ դու գնում ես, ես էլ էն ճամփովը պետք է հետդ գամ. տո՛, դու դուզ գնա՛, որ ես էլ դուզ գնամ, է՜. զոռի բան չի՛ հո: Տո՛, դու խեցգետնի պես ծուռն ես եռում, ինձանից պահանջում ես, թե ծուռը մի գնար: Առաջ դու արա՛, hետո ինձ խրատ տո՛ւր, է՜:

Ես էլ գիտեմ, որ աստված փիս բանը չի սիրիլ. ես որ հող տեղովս ատում եմ, նա ի՞նչպես կընդունի: Թե բան ունիս, է՛ն ասա, էդով քարվան չի՛ կտրվիլ: Նստում են երկա՜ր, զուոնալամա խոսում, հազար բանի անուն տալիս, հազար հրաշք պատմում, մեջը փուչ, օխտը հատիկ, ո՛չ աղ կա, ո՛չ համեմ: Քրիստոս գիտենա, իմ ծառիցը ու դաշտիցը շատ բան եմ սովրում, քանց սրանցից: Տո՛, փող էլ ուզես՝ կտամ, չունենամ, գլուխս կծախեմ, քեզ կպահեմ, թաք ըլի էնպես բան ասես, որ խելքումս մտնի, իմ հավարին հասնիս, էն ժամանակը հոգիս ուզես, քեզ թասիր չե՛մ անիլ, չե՛մ:

Ամենը հո ամենը, իլահիմ մեր Տեր Մարկոսը. որ առավոտից մինչ րիգուն՝ փիլոնն ուսին քցած, փոխանը վեր քաշելով, հողաթափը ծրփծրփացնելով կամ քոշերը քստքստացնելով, քուցին-քուցին անելով, մեկ դագանակ ձեռին, լոնդի տերողորմեն շխշխկացնելով, քուչեքը չափելով, մեկ մեռել կամ կնունք, շիլափլավ կամ մատաղ պատահելիս՝ մեկ էլ էն ես տեսնում, որ հազալով, փռշտալով, ոտին-գլխին անելով, դռները ջարդելով, կոտրատելով, ափալ-թափալ ներս ընկավ, հոգեառ հրեշտակի պես էկավ, թունդրի ղրաղը կտրեց, իրան-իրան նստեց, արաղ, մազա ուզեց, ու հենց իմանաս, թե մեռելի կես հոգին ինքն ա ուզում հանի: Դեռ պատանը չկարած, չլվացրած, շուտով թաղումելեքն ու կողոպուտն ա ուզում. աստված